1,5 տարի առաջ եմ ամուսնացել: Մինչ այդ հանդիպել ենք մոտ կես տարի: Թվում էր, թե մեր ամուսնությունը պիտի լինի անթերի: Մեր բոլոր ընկերներն ու կոլեգաները նախանձում են ինձ՝ տեսնելով, թե ինչպես է ամուսինս վերաբերվում ինձ. տանում է աշխատանքի և բերում տուն, սեր է խոստովանում, շռայլում է հաճոյախոսությունները, միշտ փորձում է ինչ-որ հաճելի բան անել:
Ես սիրում և գնահատում եմ ամուսնուս, սակայն արդեն հոգնել եմ ողջ ֆինանսական պատասխանատվությունն ինձ վրա կրելուց:Ապրում ենք իմ տանը, իմ աշխատավարձով: Ամուսինս բնակարան ունի, այն գնել է հիփոթեքով, սակայն հիմա իր ամբողջ աշխատած գումարով մարում է վարկը: Չի համաձայնվում գոնե վարձով տալ տունը, վախենում է, որ ամեն ինչ կփչացնեն:
Նա ասում է, որ ինձ համար պատրաստ է ամեն ինչի, սակայն նա չի կարողանում կատարել ամենափոքր խնդրանքս՝
իր վրա վերցնել մեր ընդհանուր ծախսերի մի մասը: Նա միշտ ունի հարգելի պատճառ. աշխատում է, որ կահավորի մեր «ապագա անկյունը»:
Ստացվում է, որ ես ստիպված եմ տարիներ շարունակ ապահովել նրան, կերակրել, վճարել կոմունալները և սպասել, թե նա երբ է ավարտելու վերանորոգումը և ինձ տանելու իր տուն:Իսկ վերջերս նա վեճ սարքեց նրա համար, որ ես հրաժարվել եմ ինձ առաջարկված լրացուցիչ աշխատանքից: Նա գոռում և ասում էր, որ չեմ ուզում օգնել նրան մեր ապագա տունը կարգավորելու հարցում:Ծնողներս ամուսնուս չեն սիրում, նրան համարում են ձրիակեր: Չեմ ուզում համաձայնվել նրանց հետ, բայց հոգուս խորքում գիտեմ, որ նրանք իրավացի են:
Շատ եմ սիրում ամուսնուս, բայց արդեն թևաթափ եմ լինում, քանի որ գիտակցում եմ, որ նա ինձ շահագործում է: