Առավոտյան անծանոթ համարից զանգ ստացա: Պատասխանեցի, և զրուցակցիս առաջին հարցն էր «Ո՞վ ես դու», ինչին ես, բնականաբար, պատասխանեցի.
-Իսկ դու ո՞վ ես:
Ի պատասխան դրան, իմ մասին հետաքրքիր շատ բան իմացա, իսկ վերջում էլ ստացա ամենաանսպասելի հարցը.
-Ինչու՞ ես զանգում ամուսնուս:
Ես արդեն լիարժեք արթնացա և հարցրեցի.
-Ի՞նչ ամուսին:
-Իմ ամուսնուն, Արմենին:
-Բայց Արմենը իմ ամուսինն է:
Եվ ինձ վրա այնպիսի անեծքներ թափվեցին, որ ես չէի կարողանում գոնե մի բառ ասել: Մենք էլի 5 րոպե անիծեցինք միմյանց, մինչև ինձ և հակառակորդիս մոտ հիստերիա սկսվեց և մենք անջատեցինք հեռախոսները:Ես զանգեցի ամուսնուս և ասացի, որ լուրջ դեպք է եղել: Նա շնչակտուր տուն եկավ և հենց դռան մոտ ասացի.
-Այդ ինչպե՞ս ես հասցնում…ուրեմն երկու ընտանիք ունե՞ս…
Ամուսինս սկզբում ոչինչ չէր հասկանում, իսկ երբ կարողացա պատմել, ծիծաղից ընկավ գետնին:
Պարզվեց, որ երեկոյան, երբ ես արդեն քնած էի, իմ հեռախոսից զանգել էր ընկերոջը, ում անունը նույնպես Արմեն է: Այսօր նրա կինը ամուսնու հեռախոսի մեջ անծանոթ համար էր տեսել և զանգել, որ պարզի, թե ով էր:
Երբ ամեն ինչ պարզվեց, մենք երեկոյան հանդիպեցինք և դեռ երկար ծիծաղեցինք:Ահա այսպիսի իրական զավեշտալի պատմություն: