ԱՆՏԵՐ ՀԱՐՍԸ 2
(ավարտ)
Մի քանի տարի հետո ամուսինս եկավ Ռուսաստանից։ Եկավ անփող, վատառողջ, մի փոքր ճամպրուկով։ Երեխաներին «Մատրյոշկա» տեսակի երկու կոնֆետ էր բերել, մորը` փայլուն գլխաշոր, ինձ էլ` ի վերջո անտերությանս վերջ դնելու թույլ հույս։ Սկեսուր-սկեսրայրս գրկաբաց ընդունեցին իրենց որդուն, սա էլ գրկեց, համբուրեց նրանց, ապա, աղմկոտ հազալով, մոտեցավ ինձ։ Երկու աղջիկներիս ամեն մեկին մի կողմից թևերիս տակ առա, զարմացած, հարցական նայեցի ամուսնուս աչքերին։ Աղջիկներս նրան գրեթե չէին ճանաչում։ Ես էլ մինչ այդ ամեն օր սկեսուր-սկեսրարիս հետ խոսելիս այնքան վատ բաներ էի ասել կորած ամուսնուս մասին, որ հիմա բոլորի ներկայությամբ չգիտեի, թե ինձ ինչպես պահեմ։
Փաթաթվե՞մ, համբուրե՞մ, ուրախանա՞մ, որ վերջապես տուն է եկել։ Ախր, էդ ո՞ր մի արած լավության ու ապագայի ի՞նչ մի սպասելիքի համար։ Կյանքս էս անտեր տանը, որպես անտեր հարս, սպառեցի, ջահել տարիներս իր հիվանդ ծնողների խնամքին զոհեցի, որ ինքը օտարության մեջ թրև գա լրբերի հետ, հիմա էլ, երբ արդեն վատառողջ է, հետ գա տուն և, մյուսներին լրացնելով, գրանցվի վզիս։ Չէ՛, լինելու բան չի։ Ամբողջ կյանքում ուրիշի ուտելիքի մնացորդը, ուրիշի հագած, դեն նետելու հագուստը և ուրիշի չապրած տարիները ինձ բաժին հասան։ Հիմա էլ ուրիշի վայելքներից հյուծված, կիսատ ամուսնով պետք է գոհանա՞մ։
Մյուս կողմից էլ, ախր, որ չոր կողի ընկնեմ, ու՞մ եմ վատություն անելու, միմիայն ինձ ու էս կողքերիս անտեր երեխեքին։ Իսկ էս մարդու հետ գոնե մի տղա երեխա կունենամ, կմեծանա` անտերությանս տեր կկանգնի։
-Ձեռք ու ոտքից ընկար, ռուս լրբերդ տանից վռնդեցին, տուն եկա՞ր,-հանկարծ մի շնչով ասացի ես՝ ինքս իմ համարձակության վրա զարմանալով։
Մտքովս չէր անցնի, որ, ամբողջ կյանքս անտեր հարս լինելով, հանկարծ կարող է փորձեմ ճակատագրիս տեր կանգնել։ Բայց ես ինձ հավանեցի այդ ժամանակ․ Ապրե՛ս, աղջի՛, կեցցե՛։ Ասելուց հետո հասկացա, որ տղա ունենալու հեռանկարը ինձ դրդեց այդ համարձակության․ չէ՞ որ ինքը պետք է այսքանից հետո ինձ խնդրեր, որ իր համար մի տղա ծնեի։ Ամուսնուս շառաչուն ապտակն իջավ այտիս, աչքերիցս կայծեր թռան, հավասարակշռությունս կորցրի, ընկա մահճակալի վրա։ Երեսս ձեռքերիս մեջ առա, որ լաց լինեմ։
Չլացեցի։ Չկարողացա լացել, որովհետև միայն ցավ էի զգում և ոչ մի վիրավորանք։ Լացելու համար ցավից բացի վիրավորանք էլ է պետք, իսկ ես աշխարհից իմ բոլոր վիրավորանքներն արդեն ստացել էի, մի բան էլ` ավելի։ Ընկնելիս խալաթիս փեշը վեր էր թռել, ոտքերս մերկացել։ Մեծ աղջիկս վազքով մոտեցավ, քաշեց փեշիցս ու ոտքերս ծածկեց «օտար» տղամարդու հայացքից։ Ամուսինս էլ հասկացավ, որ աղջիկները նրան որպես հարազատ չեն ընդունում։ Փոքր աղջկաս գրկեց, մեծին թողեց կողքիս նստած, շրջվեց ու դուրս եկավ սենյակից։
Ո՛չ սկեսուրս, ո՛չ էլ սկեսրայրս չմտան ներս՝ մի հատ հալ ու քեֆս հարցնեին, ոչ էլ իրենց որդուն բան ասեցին․ կարծես ամեն բան սովորական էր, կարգ ու կանոնով՝ տղամարդ է, տուն է եկել, կնոջը մի հատ ապտակել է։ Կորած ու գտնված ամուսինս հանդ ու դաշտի, գոմի աշխատանքի այլևս պիտանի չէր, վատառողջ էր ու անհավես։
Ասացի` քաղաք գնանք, արտասահման մեկնած իմ հեռու բարեկամի բնակարանում կապրենք, ինքն էլ մի տեղ պահակություն կանի, կապրենք։ Մտածեցի, որ ամուսնուս ծնողներից հեռու պահեմ, կարող է իրար հետ շփվենք, իրար վրա տաքանանք, մեկ էլ տեսար՝ տղա երեխա ունեցանք։ Ամուսինս համաձայնվեց։
Քաղաքում գործարանի պահակ էր, քիչ էր վաստակում, բայց դե՝ լավ ու վատ ապրում էինք։ Հետո տանտեր-ազգականս արտասահմանից վերադարձավ, և մենք կանգնեցինք ընտրության առաջ՝ հետ գնանք գյո՞ւղ, թե՞ նոր բնակարան վարձենք, վերադառնամ գյուղ, սկեսուր-սկեսրայրիս հետ ապրելով էլի կորցնե՞մ ամուսնուս՝ որպես գլխիս տղամարդ, կրկին անտերության մատնվե՞մ, թե՞ մնամ քաղաքում՝ այն հույսով, որ ամուսինս տեր կդառնա ինձ․․․
Տուն վարձեցինք և մնացինք։ Որոշ ժամանակ անց հղիացա։ Դաժան էր․․․ մտքերի մեջ ընկա․ չգիտեի՝ ունենա՞լ երեխային․ թե՞ ոչ։ Վարձով ապրող էինք ու շատ սուղ պայմաններում էինք գոյատևում։ Մի խոսքով՝ իմ մարդն էլի օտարի պես պահեց իրեն, թե բա` ուզում ես՝ բեր, չես ուզում` մի բեր։
Գնացի, որպես հղի՝ հաշվառման կանգնեցի, մի ամիս կամ ավել անցավ, ուղարկեցին ուզի»-ի` դիրքը, սրտի աշխատանքը, սեռը որոշելու համար։ Վատ օր էր, շատ վատ օր։ Մարդս հետս եկավ։ Բժիշկը երկար նայեց, չկարողացավ բան հասկանալ։ Ինձ հանեց, նստեցրեց, ասաց.
-Հանգստացի՛ր, աղջի՛կ ջան, շատ լարված եք դու էլ, պտուղն էլ։ Բան չեմ հասկանում․ պտուղն ամուր կծկվել է։
Մինչև ես, նստած իրենց մոտ «հանգստանում էի», մի քանի աղջիկների զննեցին։ Բոլորի երեխեքն էլ տղա էին։
Բժիշկը, ինձ դիմելով, ասաց.
-Տեսնու՞մ ես՝ հեչ պետքները չի` տղա՞ կծնվի, թե՞ աղջիկ։ Համոզված եմ, որ չեն էլ հասկանում՝ ինչի են ունենում այդ երեխաներին, իսկ դու լարվել ես։
Հետո նորից ինձ զննեց, էլի բան չհասկացավ։ Մինչև անգամ պտղի սրտի աշխատանքն էր խուլ։ Փոխեցին գործիքները, սրսկեցին ինձ, թուլացանք, ու ներքին զննում արեցին։ Պտղի սիրտը, ֆիզիկական զարգացումը լրիվ նորմայի մեջ էին ու … աղջիկ։
Տխուր, դանդաղ հագնվեցի։ Բժշկի սենյակից դուրս չէի կարողանում գալ, որ մարդս չհարցնի երեխայի սեռը։ Բժիշկը զգաց երկմտանքս, ինքը դուռը բացեց ամուսնուս ասաց.
-Շնորհավորում եմ, առողջ աղջիկ եք ունենալու, մայրիկի նման գեղեցկուհի է լինելու։
Կանգնած տեղը շվարած ամուսինս կապտեց։ Տունդարձի ճանապարհին ոչինչ չխոսեց։ Ականջս ձայնին էի պահում, որ մի բան ասի, հանգստանամ, անելիքս իմանամ։ Ամբողջ գիշեր չքնեց․ ո՛չ խոսում էր, ո՛չ էլ պառկում։ Առավոտյան հունից դուրս եկա, ճարահատյալ ինքս խոսեցի։ Հարցրեցի` ի՞նչ է ուզածը։
Նայեց դեմքիս, արհամարհանքով հայացքն անցկացրեց որովայնիս վրայով․
-Մի տղա ունենալու շնորհք էլ չունեցար։
Եռման ջուրն ասես գլխիս լցրին․ ախր ապրածդ անտեր կյանքում մի՞թե մեջդ մի կաթիլ տղամարդկություն չի եղել, որ գոնե ձևացնեիր, թե ինձ տեր ես, մի ուժեղ, պետքական խոսք ասեիր․․․ Այսքանը բարձրաձայն չասեցի, վախեցա, որ ամուսինս կբռնանա և պտղին կվնասի։
Երեկոյան ինքնազգացողությունս վատացավ, ջերմությունս բարձրացավ, ես ինքս շտապօգնություն կանչեցի։ Եկան ու անմիջապես ինձ տարան հիվանդանոց։ Երեխային փրկելու հնար չկար, կորցրեցի։
Ծանր տարա։ Մեկ տարուց ավելի նույնիսկ աղջիկերիս հետ չէի կարողանում շփվել, խոսել։ Հարց էին տալիս, ոչինչ չէի կարողնում խոսել։ Մարդուս հետ էլ, իհարկե, լրիվ վերացավ ամեն բան։ Այս դեպքը դարձավ մեր ամուսնական կյանքի ավարտը, չնայած որ իրար հետ նույն հարկի տակ էինք ապրում։
Այնքան մեծ էր ատելությունը նրա և ոչ միայն նրա նկատմամբ, այնքան էի ուզում ընդվզել այս անտերության դեմ, որ մտածում էի՝ տղա երեխա ունենալ, բայց ոչ իրենից։ Իհարկե, այդպես չարեցի, ու՞ր էր ինձ այդքան համարձակություն, սեփական ճակատագրիս նկատմամբ այդքան տիրակալություն։
Հետո կորստի ցավն էլ բթացավ, սկսեցի մտածել, որ ինձ աշխատել է պետք։ Դրա մասին խոսեցի ամուսնուս հետ, կարճ պատասխանեց, թե` նստիր տանը, երեխաներիդ դաստիարակիր։ Ասացի` շատ լավ, բայց դու ոչ մի բան չես հասցնում, նույնիսկ երեխաների գրիչ-տետրը։ Փող էին հավաքում դպրոցում այդ կոպեկները անգամ չէի տալիս, դառնում էի խոսակցության ու դժգոհության առիթ։ Մնացած ծնողներն ասում էին, թե մենք պարտավոր չենք ձեր փոխարեն վճարել։
Մի խոսքով՝ ինձ արգելեց աշխատել։ Մի օր շուկա գնալու ճանապարհին տեսա գովազդային վահանակ են փակցնում, կարդացի` «Լուսանկարչական դասընթացներ»։ Անմիջապես մտածեցի, որ սա իմ համար է։ Հաջորդ օրը գնացի նշված հասցեով, ընդունելության կարգին ծանոթացա, եկա տուն։ Այս անգամ ասացի` ուզում եմ սովորել։ Նույնը լսեցի` վեր ընկիր տեղդ։ Լսեցի ու չլսեցի…։ Գործերս տվեցի, գնացի քնություն տվեցի, ընդունվեցի։ Մեկ էլ զանգեց, թե` ու՞ր ես։ Ասացի` մի խանգարիր, ես քննության եմ։ Դուրս եկա, տեսա եկել է, մտածեցի՝ փողոցում վիճաբանություն է սարքելու։ Բան չարեց։ Սկսեցի սովորել, և եկավ ուսման դիմաց վճարելու ժամանակը։ Մտածեցի, որ համատեղ պետք է նաև աշխատեմ։ Աշխատանքի հայտարարություններով մի խանութ գտա, որի բացումը մի քանի օրից էր նախատեսված։
Իրենց փաթեթավորող բանվոր էր պետք։ Առանց երկար- բարակ մտածելու ինձ ընդունեցին աշխատանքի։ Սովորությանս համաձայն` սկսեցի եռանդով աշխատել։ Մեծ քանակի ապրանք էր պարկերով, պետք է մեկ շաբաթում դատարկեինք ու դասավորեինք ցուցապահարանների դարակներում, որից հետո ըստ գների հաշվառեինք հատուկ մատյանների մեջ։ Ես այդ ամբողջ աշխատանքը միայնակ և մեկ օրում արեցի։ Ստացվեց այնպես, որ իմ շնորհիվ խանութն ավելի շուտ բացվեց։ Բացման օրը բոլոր աշխատողների ներկայությամբ գլխավոր տնօրենն անակնկալ հայտարարեց, որ եթե ես որոշեմ մնալ խանութի վարիչի պաշտոնում, ինքը շատ ուրախ կլինի։Ճիշտն ասած` մի քիչ վախեցա․ համապատասխան կրթություն չունեի։
Մոտեցա տնօրենին, կամաց ասացի դրա մասին, պատասխանեց, որ դա խնդիր չի։ Ես հասկացա, որ սա ճակատագրիս տեր կանգնելու հնարավորություն է, և համաձայնվեցի։ Ամբողջ ուժն ու եռանդս ներդրեցի խանութում, սկսեցի լավ վարձատրվել, աշխատանքիս զուգահեռ սովորում էի, հոգում աղջիկերիս հոգսերը։ Մարդս ակտիվությունս տեսնելով` հանկարծ հիշել էր իմ նկատմամբ տեր լինելու իր վաղուց մոռացված կոչումը, և ժամանակ առ ժամանակ խանդի տեսարաններ, վեճեր էր սարքում։
Մի անգամ ցերեկը եկավ խանութ, ճիշտ այն պահին, երբ ես գլխավոր տնօրենի աշխատասենյակում հաշվետվություններն էի ներկայացնում։ Ներս մտավ, քաշեց թևիցս, սկսեց գոռգռալ, թե տնօրենի հետ դավաճանում եմ իրեն։ Տնօրենը բռունցքի երկու հարվածով նրան գետնին տապալեց, ես չմիջամտեցի, չմոտեցա։
Նեղացավ, հեռացավ խանութից էլ, տանից էլ։
Խանդի այդ տեսարանը տնօրենիս նկատմամբ հետաքրքրություն առաջացրեց մեջս, սկսեցի նրան որպես տղամարդ նայել։ Ամուսնացած էր, բայց բավականին խնամված ու տարիքին անհամապատասխան` լավ պահպանված։
Հիմա, երբ տարիների հեռվից իմ անտերությանն եմ նայում, հասկանում եմ, որ դրան դատապարտված էի ոչ թե այն պատճառով, որ տեր չունեի, հայրս գլխիս չէր, ամուսինս ինձ տեր չէր։ Ո՛չ, դա չէր պատճառը։ Ես անտերության էի մատնված, որովհետև ինքս իմ ճակատագրին տեր չէի կանգնել, որովհետև մնացել էի թելադրող իրավիճակին գերի։
Հիմա անտեր չեմ, աղջիկներս ամուսնացել են, յուրաքանչյուրն իր ամուսնու հետ իրենց բախտի տերն են դարձել, ես իմ ֆոտոսրահն ունեմ քաղաքի կենտրոնում, որի տերն իմ որդին է՝ բարձրահասակ, վճռական, արժանապատիվ, խանութի գլխավոր տնօրենի դիմագծերով։
Մուշեղ Բաբայան
15.06.2019թ ԱՄՆ, Վաշինգտոն
Мушег Бабаян