Աֆղանստանում ծավալվող իրադարձությունները Հայաստանի համար անշուշտ ունեն էական նշանակություն, թեև թվում են Հայաստանից բոլորովին հեռու և մեր օրակարգերին չվերաբերող: Այդ իրադարձություններին մենք հետևել ենք, հետևում ենք, և անշուշտ կշարունակենք հետևել ու գնահատել միտումները, քանի որ դրանք պարունակում են Հայաստանի լայն իմաստով անվտանգային համակարգի համար հիմնարար գործոններ:
Դեռևս Արցախի դեմ պատերազմի շրջանում և դրանից հետո եմ նշել տարբեր առիթներով, որ իրադարձությունների բուռն զագացման հաջորդ ուղղությունը լինելու է կենտրոնասիական ուղղությունը: Այժմ մենք տեսնում ենք այդ ռեգիոնի վերածումն աշխարհաքաղաքական յուրօրինակ «էպիկենտրոնի»:
Այս անդրադարձում սակայն, դիտարկում եմ ոչ այնքան տեղի ունեցողում աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքավորումները, այլ մի հանգամանք, որը Հայաստանի համար ունի իհարկե ոչ պակաս կարևոր իմաստ և նշանակություն:
Տեսնում ենք, թե ինչպես են տարբեր ուժային կենտրոններ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Իրան, Թուրքիա, փորձում պայմանավորվել Թալիբան շարժման հետ, այն դեպքում, երբ շարժումը հենց այդ կենտրոնները շարունակում են դիտարկել որպես ահաբեկչական: Այստեղ շատ պարզ է, որ խնդիրը քաղաքականությունն է:
Կան քաղաքական խնդիրներ, նպատակներ, շահեր, ձևակերպված ռիսկեր և այլն, ու քաղաքականությունը դրանք հնարավորինս սահուն և հնարավորինս անցնցում լուծելու, կարգավորելու գլխավոր միջոցն է: Հետևաբար, եթե այդ միջոցի արդյունավետ կիրառման համար կարիք կա խոսել անգամ ահաբեկչական հռչակված շարժման հետ, ապա պետք է գնալ դրան, եթե դա օգնելու է լուծել խնդիր:
Անկասկած այդպես են առաջնորդվում առ այսօր Թալիբանն ահաբեկչական ճանաչող, սակայն դրա այսպես ասած քաղաքական թևի հետ քննարկումներ իրականացնող ուժային կենտրոնները, որոնցից յուրաքանչյուրը անշուշտ ունի իր նպատակները, իր ռազմավարական և մարտավարական խնդիրներն ու դիտարկումները, Թալիբանի հետ քննարկումների իր մոտիվները:
Ինչ կլինի հետագայում, ինչ ճակատագիր կունենան տարբեր ուղղություններով այդ քննարկումները, արդյո՞ք կճանաչեն Աֆղանստանում Թալիբանի իշխանությունը միջազգայնորեն և կհրաժարվեն դրա ահաբեկչական բնորոշումից:
Դրանք հարցեր են, որոնց պատասխանները թերևս այնքան էլ մոտ կամ ամբողջական չեն: Սակայն, այստեղ Հայաստանի համար նկատենք անուղղակի մի կարևոր «հաղորդագրություն»: Այն, որ էական խնդիրներ լուծելու համար քաղաքականության մեջ անհրաժեշտ է ուղիղ խոսակցության, ուղիղ կոմունիկացիայի հնարավորություն անգամ ահաբեկչական, անգամ թշնամի հռչակված սուբյեկտների հետ:
Որքան արդյունավետ կաշխատեն այդ կոմունիկացիաները, սա իհարկե արդեն այլ հարց է, աշխատանքի կարողության, հնարավորության օգտագործման, հմտության, ներքին ուժի և այլն: Սակայն, անկասկած է, որ քաղաքականության արդյունավետության համար ուղղակի անհրաժեշտ պայման է հատկապես տվյալ պահին ռիսկի առանցքային աղբյուր դիտվող սուբյեկտի հետ ուղիղ քննարկումների և ուղիղ խոսակցության հնարավորությունը, այդպիսի կոմունիկացիայի առկայությունը:
Այդ «հաղորդագրությունը» Հայաստանի համար էական է դարձնում թուրքական գործոնի հանդեպ մեր քաղաքականության ռազմավարության մշակումներում հենց այդ ուղիղ հայ-թուրքական խոսակցության կոմունիկացիայի հնարավորության դիտարկումը, այդ կոմունիկացիային հասնելու հնարավորության դիտարկումը:
Հասկանալի է, որ այդ խնդիրը ունի բազմաթիվ մեծ ու փոքր բարդություններ, առավել ևս, որ լուծումը կախված չէ միայն Հայաստանից և ընդհանրապես Հայաստանը չէ, որ թշնամական քաղաքականություն է որդեգրել և իրականացնում, այլ Թուրքիան: Սակայն, այդ ամենով հանդերձ, Հայաստանն այստեղ ունի էական անհրաժեշտություններ, որ բխում են ռեգիոնալ իրավիճակից և դրա հանդեպ ուժային կենտրոնների բազմաբնույթ դիրքավորումներից, և Հայաստանն առնվազն ռազմավարական մտածողության հիմքի ձևավորման տեսանկյունից ունի կարիք միջազգային քաղաքականության իրողություններից բխող «հաղորդագրությունները» դիտարկելու, ընկալելու, և սեփական քաղաքական արդյունավետության համարժեք հոգեբանական հիմք ձևավորելու անհրաժեշտություն: