Գիտե՞ք ինչու ձերբակալվեց Գագիկ Խաչատրյանը. Նա հրաժարվել է վճարել նախապես պայմանավորված 100 մլն դոլարի փոխարեն 300 մլն դոլար փրկագին…

Օգոստոսի 27-ին, խուզարկություններ են կատարվել ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում: Խուզարկությունից հետո Գագիկ Խաչատրյանը և վերջինիս եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը ձերբակալվել են. նրանք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման մեջ:

Այս տեղեկությանը զուգահեռ պարզաբանմամբ հանդես եկավ ՀՔԾ-ն, նշելով, որ Խաչատրյանի դեմ հարուցված մեկ այլ քրեական գործի շրջանակներում 800 միլիոն դրամի վերականգնում է եղել պետական բյուջե, իսկ նախաքննությունը շարունակվում է: 800 միլիոն դրամի մասին հայտարարությունը, ինչ խոսք, առնվազն ծիծաղելի է՝ հատկապես հաշվի առնելով Խաչատրյանի ունեցվածքի մասին տարիներ շարունակ արվող հրապարակումները և այդ ունեցվածքի փաստացի ապացույցները՝ ի դեմս իր և իր մերձավորների անունով բացված բազմաթիվ բիզնեսների:
Խաչատրյանը 2008-14թթ. եղել է ՊԵԿ նախագահ, իսկ 2014–16թթ.` ՀՀ ֆինանսների նախարար։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նրան են պատկանել «Մեգա ֆուդ», «Մեգակոնցեռն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Ապեյրոն», «Ալյանս տերմինալ, «Խրոնոգրաֆ», «Նոր Զովք», «Սանտաֆե» խանութների ցանցը։ Ի դեպ, «Մեգա ֆուդ»-ն ավելի քան 30 ապրանքանիշերի ներկայացուցիչն է Հայաստանում: «Նորֆոլք քոնսալթինգը» նույնպես դասում են Խաչատրյանի ունեցվածքի շարքում։

Ավելին, քանի դեռ նա ՊԵԿ նախագահ է եղել, խոսակցություններ էին պտտվում, որ նրա տղաները 2010թ–ին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում, ինչպես նաև Փարիզի կենտրոնում։ Խոսք է գնում նաև, որ 2011թ-ին Խաչատրյանը 200 միլիոն եվրո գումարով գնել էր Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադե գործարանը, որտեղ արտադրվում են «Մոցարտ» շոկոլադները։ Գործարանը պաշտոնապես գրանցված է Խաչատրյանի որդիներից մեկի անունով։ Խաչատրյանը Հայաստան էր ներկրում ուկրաինական «Ռոշեն» և այլ հայտնի ապրանքանիշերի քաղցրավենիք:

ՊԵԿ նախագահ լինելու տարիներին նրան էին պատկանում Եղվարդ-Երևան 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը։ Նա Եղվարդում հսկայական ջերմոցներ ուներ, որտեղ լոլիկ, վարունգ ու պղպեղ էր աճեցնում։ Խաչատրյանը հսկայական ջերմոցներ ուներ նաև Եղվարդի հարևանությամբ գտնվող Նոր Գեղիում: Նշենք նաև, որ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շինությունները Ծաղկաձորում 12 հա անտառային տարածքի վրա են տեղակայված։ Մամուլում նշվում է, որ կառուցապատված մասը` շուրջ 2,5 հա է կազմում, որը Խաչատրյանների սեփականությունն է, իսկ 9,5 հա անտառը 50 տարով վարձակալել են «Հայանտառից»:

Բացի այդ, «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի 41%-ը պատկանում էր Խաչատրյանի հորեղբոր տղային՝ Արամ Խաչատրյանին։ Որոշ ժամանակով նրան է պատկանել նաև հսկիչ դրամարկղային մեքենաների ու դրանց կտրոնների թղթերի ներկրման բիզնեսը: Ուշագրավ է նաև, որ Խաչատրյանը իր պաշտոնավարման տարիներին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրում ներկայացրել է միայն դրամական միջոցները՝ 272 մլն դրամ և 2.972.000 դոլար: Ո՛չ անշարժ, ո՛չ շարժական, ո՛չ որևէ գույք նա չի հայտարարագրել։

Օդում կախված լուրերի համաձայն՝ իշխանությունները Գագիկ Խաչատրյանի հետ պայմանավորվել էին, որ վերջինս 100 միլիոն դոլարի չափով «փրկագին» վճարի, պատկան մարմիններն էլ ձեռնպահ մնան քրեական գործ հարուցելուց, և հենց այդ պայմանավորվածության շրջանակներում է Խաչատրյանին թույլատրվել լքել ՀՀ տարածքը, սակայն վերջին պահին «փրկագին» է սահմանվել 300 միլիոն դոլարը, Խաչատրյանը իր հերթին մերժել է այդ գործարքը, արդյունքում էլ ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու որոշում է կայացվել:
Չնայած այս հանգամանքին՝ Խաչատրյանին դժվար է «ռեժիմի զոհ» անվանել, քանի որ դժվար թե Հայաստանում որևէ մեկը կասկածի, որ եթե անձը զբաղեցնում է ՊԵԿ նախագահի պաշտոնը, ապա հենց ինքն է անձամբ հովանավորում իր բիզնես-գործունեությունը, որ մեր թվարկած նրա բոլոր օբյեկտները մասամբ էին հարկային դաշտում աշխատում, որ հենց նրա այդ գործունեության արդյունքում Հայաստանում ճզմվում ու ոչնչանում էր մանր ու միջին բիզնեսը, իսկ իր բիզնեսները՝ բարգավաճում:

Խաչատրյանը պետք է բացատրի և հիմնավորի՝ որտեղից նրան այդ անծայրածիր ունեցվածքը, եթե նա, ինչպես իր փաստաբաններն են նշում, «համեստ պաշտոնյա է եղել և ծառայել է ժողովրդին», իսկ պատկան մարմինները պետք է բացատրեն, թե ինչպես ստացվեց, որ ահռելի ունեցվածքի տեր նախկին պաշտոնյան բյուջե է վերադարձնում ծիծաղելի թվացող՝ 800 միլիոն դրամ: Իրավապահները պարտավոր են Խաչատրյանին պատկանող բիզնեսներում ֆինանսական մանրամասն աուդիտ անցկացնել և պարզել, թե որտեղից «համեստ» պաշտոնյային նման անհամեստ ունեցվածք: Իհարկե, հանրությունը ունի որոշակի մտավախություններ, թե ինչու պատկան մարմինները հենց հիմա հիշեցին Գագիկ Խաչատրյանին՝ հաշվի առնելով, որ վերջինիս օլիգարխ լինելու հանգամանքը բնավ էլ երեկ չի ջրի երես դուրս եկել:

Կա մտավախություն, որ կարող է ականտես լինենք հերթական «բռնել-բաց թողնելուն», հատկապես մի փուլում, երբ վարչապետը և նրա քաղաքական թիմը վարկանիշ բարձրացնելու և հանրության ուշադրությունը Ամուլսարի թեմայից շեղելու խնդիր ունեն: Միևնույն ժամանակ, հենց իշխանությունների շահերից է բխում, որ պետությունից և քաղաքացիներից թալանվածը վերադառնա պետական բյուջե, և ապօրինի հարստացած նախկին և ներկա պաշտոնյաները Նոր Հայաստանում չունենան արդարադատությունից խույս տալու լծակներ: Այս առումով հերթական սայթաքումը կարող է Փաշինյանի և իր թիմի համար ճակատագրական լինել…

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика