Մի քանի օր առաջ գնացել էի բանկ՝ վճարումներ անելու և վերադառնում էի տուն։ Լավ եղանակ էր, որոշեցի ոտքով գնալ։ Ճանապարհին տեսա մոտ 9-10 տարեկան մի աղջնակի, ով դանդաղ քայլում էր և արտասվում, խոշոր արցունքներն էլ ընկնում էի վերարկուի վրա։Մարդիկ անտարբեր անցնում էին, երևի մտածում էին, որ երկուս է ստացել կամ մի ուրիշ աննշան պատճառով է լաց լինում։ Իսկ ես չկարողացա ուղղակի անցնել նրա կողքով, որոշեցի իմանալ, թե ինչ է պատահել։
-Ինչի՞ ես արտասվում, — հարցրեցի։
Աղջիկը մի քիչ ամաչելով՝ պատասխանեց․
-Մեր դասերը շուտ են վերջացել, վերջին երկու դասը չարեցինք։ Մայրիկս ու հայրիկս աշխատանքի են, տատիկս էլ չգիտեմ ուր է գնացել։ Տանը մարդ չկա, չգիտեմ, ինչ անեմ։
-Իսկ ինչո՞վ օգնեմ քեզ, գիտե՞ս մայրիկիդ համար։ Զանգե՞նք իրեն։
-Հա, գիտեմ։
-Դե սպասիր, հանգստացիր։ Ասա համարը։
Զանգեցինք, խոսեցինք մայրիկի հետ։ Վերջինս ասաց, որ սպասի շենքի դիմացի նստարանին, տատիկը 5-10 րոպեից կգա։ Մոր հետ խոսակցության վերջում երեխան սրբեց արցունքները և նույնիսկ սկսեց ժպտալ։
Հրաժեշտին ասացի նրան, որ այս աշխարհում շատ քիչ բան կա, ինչի պատճառով իսկապես արժե լաց լինել։ Եվ եթե հաջորդ անգամ էլի նմանատիպ պատմություն լինի, թող առանց վախենալու դիմի ինչ-որ երիտասարդ աղջկա։Իսկ ես գնացի տուն՝ ճանապարհին մտածելով այն մասին, թե ինչու են մարդիկ անտարբեր դարձել։
Չէ որ մի անմեղ երեխայի օգնելու համար ես ոչ մի ջանք չգործադրեցի, դա ինձանից խլեց ընդամենը 3 րոպե ժամանակ։ Իսկ եթե նրա հետ մի լուրջ բան պատահած լիներ․․․չգիտեմ։ Եվ եթե կարծում եք, որ երեխան արտասվում է վատ գնահատականի պատճառով, միևնույնն է, մոտեցեք և հարցրեք, թե ինչ է եղել․ գուցե նրան մի մեծ դժբախտությունից փրկեք։