Կնոջս հետ միասին ենք արդեն 12 տարի։ Ունենք երկու երեխա՝ տղա և աղջիկ։ Մեր համատեղ կյանքի սկզբում նա շատ լավ տնային տնտեսուհի էր, հետևում էր տան մաքրությանը, իսկ հիմա թքած ունի խոզանոցի և բարդակի վրա։
Ես հույսով սպասում եմ, որ նա նորից կոգեշնչվի, իր մեջ ուժ կգտնի, սակայն դա տեղի չի ունենում։ Մի շաբաթ առաջ ինչ-որ բան է փնտրել իմ դարակում և բոլոր իրերս գցել է հատակին․ դրանք դեռ նույն տեղում են՝ փոշոտ, կեղտոտ հատակին։ Ընդ որում նա ամբողջ օրը նստած է այս ամենի մեջ և սպանում է ժամանակը՝ սերիալներ դիտելով։
Այդ պատճառով բազմիցս ենք վիճել, բայց անօգուտ է։ Ես նույնիսկ նրա ծնողներին եմ դիմել այդ հարցով, որ վերջիններս ինչ-որ կերպ ազդեն դստեր վրա։ Հոգեբանի մոտ գնալ չի ուզում։ Նույնիսկ հիմա, մինչ գրում եմ, նա պառկած է բազմոցին և դիտում է իր մելոդրաման։
Երեխաներին ոչ մի տեղ չի տանում, ընկերուհիներ չունի, ինքն իրեն չի հետևում, չի խնամում, դեռ մի բան էլ դժգոհում է, որ դադարել է հետաքրքրել ինձ՝ որպես կին։Խանութ միշտ ես եմ գնում, այլապես նրա նուրբ ձեռքերը կհոգնեն։ Եթե հանկարծ ստացվում է այնպես, որ ինքն է գնումներ կատարում, վերցնում է այն ամենը, ինչ ինքն է սիրում․ երշիկեղեն և կիսաֆաբրիկատներ։
Եզրակացնում եմ, որ կնոջս վիճակն անհույս է։ Ես նրան նույնիսկ մարզասարք-հեծանիվ եմ նվիրել, մտածում էի՝ գուցե նիհարի։ Իսկ հիմա գուշակեք, թե մեր տանը որ իրի վրա է ամենից շատ փոշի կուտակվել։
Կարճ ասած, էլ ուժ չունեմ։ Ինքս եմ ինձ համար պատրաստում, մաքրում տունը, զբաղեցնում երեխաներին և, իհարկե, աշխատում։ Առավոտյան ուրախությամբ եմ գնում տանից։ Կարծում եմ, էլ նորմալ կյանքով ապրելու շանսեր չունենք։