«Մինչև 3 տարեկան երեխայի
խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչև 2 տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրում նախորդ տարվանից ընդգրկված
անձանց սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որոշման նպատակը նախորդ և այս տարվա ընթացքում բոլորին հայտնի դայակների ծրագրում ընդգրկված շահառուներին համապատասխան վճարումներ կատարելն է:
«2018 թվականին վերը նշված միջոցառմամբ նախատեսվել էր ընդգրկել 200 շահառուի, սակայն, պահանջարկից ելնելով, ընդլայնել ենք ծրագիրը և ընդգրկել 472 անձի։
Այս տարի ևս 400 շահառուի համար ֆինանսավորում ենք նախատեսել»,- ասել է նախարարը։
Նախարարը նշել է, որ որոշման արդյունքում վերաբաշխման միջոցով լրացուցիչ 77 մլն 334 հազար դրամ գումար կհատկացվի նախորդ և այս տարվա ընթացիկ ծրագրերում ընդգրկված շահառուներին վճարելու համար։
Ըստ Զարուհի Բաթոյանի՝ շահառուներին տրամադրվում է առավելագույնը նվազագույն աշխատավարձի չափով գումար՝ 55 հազար դրամ:
Նախարարի խոսքով՝ ծրագրից օգտվելու համար ցանկություն հայտնած անձանց թիվն ավելի շատ է և, ըստ այդմ, սահմանվել է առաջնահերթությունների կարգ։
«Դա այն քաղաքացիներն են, ովքեր ընտանեկան նպաստ են ստանում, մինչև 2 տարեկան 2 և ավելի երեխաներ ունեն կամ ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա և այլն։
Մենք վերանայում ենք, քննարկումներ ենք իրականացնում, որպեսզի հետագայում կարողանանք ծրագիրն ընդլայնել և արդյունավետությունը բարձրացնել»,- ասել է Զարուհի Բաթոյանը: