Երևանի կրկեսի շենքն իր տեսակով աննախադեպ է լինելու ամբողջ տարածաշրջանում. ի՞նչ տեսք ունի այն ներսից…

«Երևանի կրկես» ՓԲԸ–ի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Sputnik Արմենիային վստահեցրել է, որ այս շենքն իր տեսակով աննախադեպ է լինելու ամբողջ տարածաշրջանում՝ ապակյա շինություն, հրակայուն գմբեթ, ավելի քան 2 հազար նստատեղ։

Սկզբում նախատեսվում էր պարզապես նորոգել հին շենքը, բայց հետո որոշեցին նոր շենք կառուցել, և 2012 թվականին կրկեսի հին շենքը քանդեցին։«Այսպիսի կրկես տարածաշրջանում չկա։ Շենքի նախագծման աշխատանքով լուրջ ընկերություն է զբաղվել։

Արտաքին աշխատանքներն 99%–ով ավարտվել են, այս պահին մնում է ավարտել ներքին աշխատանքները», – ասաց Հովհաննիսյանը:Նոր շենքն ունի 8 հարկ, 6–ը` վերգետնյա, 2–ը` ստորգետնյա։ Շենքի բարձրությունը 28.5 մետր է, դահլիճում 2350 նստատեղ կա։

Առաջին հարկի բարձրությունը 4 մետր 50 սմ է, 2-ից 5-րդ հարկերից յուրաքանչյուրի բարձրությունը` 3 մետր 30 սմ, վերջին հարկինը` 4 մետր 10 սմ։Ավագ Հովհաննիսյանի խոսքով` ամեն ինչ հաշվարկվել է, որպեսզի շենքը հարմարավետ լինի։

Վերջին հարկերում հյուրանոցային համարներ են կառուցվել, որպեսզի կրկեսային հյուրախաղերի եկած արտիստները գումար չծախսեն հյուրանոցների վրա, իսկ ստորին հարկերում ավտոկայանատեղիից բացի, կինոթատրոն, բուֆետ և ժամանցային կենտրոն կլինի։

Ըստ Հովհաննիսյանի` շենքի ամենայուրահատուկ հատվածը գմբեթն է, որը 46 մետր տրամագծով թռչող կոնստրուկցիայի ձև ունի։ Գմբեթը հավաքվել է մետաղով եզերված փայտյա կոնստրուկցիաներով «Հատուկ գմբեթի համար մշակված փայտը կոնստրուկցիան դարձնում է թեթև, սեյսմակայուն և հրակայուն», – ասաց Հովհաննիսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика