Համեղ խորտիկ սարքելը, երբ սառնարանը պայթում է մթերքի առատությունից, խաղուպար է։ Բայց երբ գնումների համար ժամանակ չկա, և անհրաժեշտ է արագ կերակրել տնեցիներին ու նույնիսկ անսպասելի հյուրերին, խնդիրը բարդանում է։ Նման իրավիճակների համար վատ չի լինի սառցարանում մսի խճողակ պահել և արագ ու համեղ ընթրիք պատրաստել բոլորի համար։
Առաջարկվող բաղադրատոմսով ճաշատեսակը շատ հեշտ ու արագ է պատրաստվում և ամենակարևորը՝ շատ համեղ է։ Խորտիկը նրբահամ է, հյութեղ և ախորժելի տեսք ունի։ Բոլոր բաղադրամասերը շատ հեշտ կգտնեք ձեր խոհանոցում։
Արագ պատրաստվող խճողակով կերակուր
Բաղադրամասերը
- 200 գ․ տավարի մսի խճողակ
- 500 գ․կարտոֆիլ
- 150 գ․բրինձ
- 1 գազար
- Կես գլուխ սոխ
- 200 մլ․ ջուր
- 1 ճ. գ. տոմատի մածուկ
- 2 ճ. գ. բուսական յուղ
- 2 ճ. գ. թթվասեր
- 50 գ պանիր
- աղ
- համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բրինձը կիսաեփ արեք։ Գազարը քերեք, սոխը մանր կտրատեք։ Երկուսն էլ թավայում տապակեք։
Բրինձն ու տապակած բանջարեղենով խճողակը խառնեք իրար։ Ստացված զանգվածից մոտ 4 սանտիմետրանոց գնդիկներ սարքեք։
Կարտոֆիլը կլոր-կլոր կտրտեք։ Ջեռոցի տապակին ձեթ քսեք։ Դրեք կարտոֆիլը և խճողակագնդերը՝ ծաղկի տեսք տալով, կամ ինչպես ցանկանաք։ Եփեք 20 րոպե, 180 աստիճանով։
Այդ ընթացում պատրաստեք թանձրուկը։ Դրա համար պետք է խառնեք թթվասերը, ջուրը, տոմատի մածուկը, աղը, համեմունքները։ Խառնուրդը լցրեք տակակած զանգվածին և 15 րոպե թողեք ջեռոցում։
Այնուհետև թխուկի վրա լցրեք քերած պանիր և ևս 5 րոպե պահեք ջեռոցում, որպեսզի պանիրն ամբողջովին հալվի։ Մատուցելուց առաջ կարելի է ուտեստը զարդարել կանաչիով։ Բարի ախորժակ։
Թխուկը շատ համեղ է, կշտացնող և հիանալի այլընտանք է տապակած կարտոֆիլին ու կոտլետին։ Կարող եք նաև սեզոնային բանջարեղեն օգտագործել, օրինակ բուլղարական պղպեղ կամ պոմիդոր։ Այդպես ուտեստն էլ ավելի համեղ ու գեղեցիկ կստացվի։