ՀԱՊԿ-ը մերժել է Հայաստանի առաջարկը. Ինչ կասի ֆրանսիան և ԱՄՆ-ն

Եթե ՀԱՊԿ համար դա ընդունելի չէ, ապա այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը, օգոստոսի 12-ի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշատակելով շաբաթներ առաջ հայ-ադրբեջանական սահմանում հրադադարի ռեժիմի մոնիտորինգի վերաբերյալ արած իր առաջարկը:

Նիկոլ Փաշինյանն այն փաստացի կրկնում կամ հիշատակում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի Հայաստան այցից հետո, ինչը թերևս նշանակում է, որ ՀԱՊԿ-ը մերժել է Հայաստանի այդ առաջարկը և մտադիր չէ ստանձնել հրադադարի ռեժիմի մոնիտորինգի պատասխանատվություն:

Հասկանալի է, թե ինչու է ՀԱՊԿ-ը մերժում, և միաժամանակ այլ բան սպասելը թերևս լինելու էր միամտություն: Մոնիտորինգի ենթարկել հայ-ադրեջանական սահմանի հրադադարի ռեժիմը, նշանակում է արձանագրել, որ այն խախտում է Ադրբեջանը: ՀԱՊԿ պետությունները, որ ունեն Ադրբեջանի հետ սերտ ռազմա-քաղաքական առաքելություն, որևէ պարագայում չեն արձանագրի հրադադարի խախտման համար Ադրբեջանի պատասխանատվությունը:

Ըստ այդմ, ինչպես մեկնաբանել էի Զասի այցն ավելի վաղ, դրա բուն նպատակը թերևս եղել է ոչ թե Երևանին գործնական աջակցությունը կամ դրա վերաբերյալ հարցեր քննարկելը, այլ Երևանի հետ թերևս պայմանավորվելը, որ ՀԱՊԿ-ը հնարավորինս քիչ դրվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտում դաշնակցային պարտավորության փաստի առաջ:

ՀԱՊԿ հարցն այդ առումով պարզ է, և թերևս վաղուց: Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք Մինսկի խմբի համանախագահ երկրները պատրաստ են ստանձնել մոնիտորինգի պատասխանատվություն: Ինչպես հայտնի է, կա այսպես ասած Կասպրշիկի գրասենյակը, որ մոնիտորինգ էր իրականացնում Արցախում:

Արդյո՞ք այդ գրասենյակը այսպես ասած կգործարկվի հայ-ադրբեջանական սահմանին: Թեև, իր նախկին տեսքով, այն տեսքով, որ կար մինչև պատերազմն ու գործում էր Արցախում, այդ գրասենյակը գործնականում ընդամենը հերթապահ մի բան էր, ոչ ավելի:

2016 թվականի մայիս-հունիսին Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի շրջանակում քննարկվում էր մոնիտորինգի խմբի ընդլայնման հարցը, թեև դա ընդամենը ընդլայնելու էր հերթապահությունը, քանի որ խնդիրը ոչ թե կազմն է, այլ գործունեության մեխանիզմի սկզբունքային փոփոխություն և սահմանային մշտական տեղակայումը, այլ ոչ թե նախապես տեղեկացված այցերը, ընդ որում մի պարագայում, երբ ադրբեջանական կողմը շատ հաճախ ուղղակյի մերժում էր մոնիտորինգը այս կամ այն ուղղությամբ:

Այդպիսով, ի՞նչ արձագանք է ունենալու Երևանի առաջարկը Մինսկի խմբի համանախագահ երկրներում: Նրանք պատրա՞ստ են հայ-ադրբեջանական սահմանի հրադադարի ռեժիմի մոնիտորինգի սկզբունքային նոր մեխանիզմի ներդրման, առնվազն այդ հարցն օրակարգ բերելուն և քննարկելուն: Հարկ է նկատել նաև, որ դրան զուգահեռ, հայ-ադրբեջանական սահմանի մասնավորապես տավուշյան հատվածի մի քանի կետերում ծավալվում են ռուսական սահմանապահ ուղեկալներ:

Դրանց խնդիրը անշուշտ մոնիտորինգը չէ, այլ տեղակայումն ու ադրբեջանական սադրանքների հնարավորության կանխարգելումը: Սակայն, այդ մեխանիզմի գործարկման պարագայում, արդյո՞ք Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան հակված կլինեն մոնիտորինգի մեխանիզմի քննարկման:

Թեև չկան գործնական նշաններ, որ նրանք հակված էին դրան մինչ ռուս սահմանապահների տեղակայման մասին Փաշինյանի հայտարարությունը: Այդուհանդերձ, ՀԱՊԿ մերժումից հետո Երևանն արդյո՞ք ավելի ինտենսիվ է փորձելու առաջ մղել Մինսկի խմբի համանախագահության մոնիտորինգի մեխանիզմի գաղափարը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика