Որդիս 35 տարեկան է, հարսս՝ 32: Ամուսնացել են 10 տարի առաջ: Սկզբում ամեն ինչ լավ էր, երկուսն էլ երիտասարդ, դեռ նոր էին ավարտել, իրենց տեղն էին փորձում գտնել, կարիերա կառուցել: Հիմա ամեն ինչ ունեն. ֆինանսապես ապահովված են, ունեն տուն ու մեքենա, արդեն ժամանակն է երեխաների մասին մտածելու համար: Մենք էլ չենք երիտասարդանում, ուզում ենք հասցնել մեր թոռներին տեսնել:
Երեխա ունենալու մասին իմ հարցերին հարսս ժպտալով է պատասխանում, բայց ոչ մի նորմալ բան չի ասում, իսկ որդիս էլ ուղղակի լռում է: Ես ամեն կերպ փորձում էի պարզել, թե նրանք ինչ են մտածում, ի վերջո հասկացա, որ, հավանաբար, նրանք էլ են ուզում, բայց չի ստացվում:Որդիս միշտ առողջ է եղել, սպորտով զբաղվել, իսկ հարսս նիհարիկ է, հիվանդոտ, հոգնած տեսք ունի: Կարծում եմ, խնդիրը նրա մեջ է:
Որոշեցի ինքս իմանալ ամեն ինչ. գնացի պոլիկլինիկա, որտեղ հարսս հաշվառված է, բարեբախտաբար, այնտեղ ծանոթ բուժքույր ունեմ: Իմացա, որ հարսս ունի որոշակի կանացի խնդիրներ:
Իսկ եթե նա չկարողանա երեխա ունենալ կամ հիվանդ փոքրիկ ծնվի…ես չեմ ուզում այդպես: Որդուս ոչինչ դեռ չեմ ասել, իսկ նա էլ երևի ոչ մի բանից տեղյակ չէ:
Մի աղջիկ կա, նրան աչքիս տակ եմ պահել, հաստատ որդիս կհավանի: Մնում է նպաստեմ նրան, որ բաժանվեն: Ուղղակի չգիտեմ, ինչպես անել, որ սկանդալներ չլինեն: Չեմ սիրում վեճեր: Երևի խոսեմ հարսիս հետ, դեռ երիտասարդ է, մեկին կգտնի:
Կասեմ, թող որդուս գնած մեքենան վերցնի իրեն: Ես հիմա ամեն ինչի պատրաստ եմ, միայն թե թոռնիկ ունենամ: Ամուսնուս առողջական վիճակն էլ այնքան լավ չէ, ով գիտի, ինչպես կդասավորվի ամեն ինչ: