Աղջիկս՝ Մանեն, գրեթե ծնված օրվանից երազում է մեծանալու մասին։
Շատ դժվար է փոքր լինել․․․
Պետք է լսել մեծերին, շուտ պառկել քնելու, տաք հագնվել, և նույնիսկ մանկապարտեզ հաճախել։
Երեխաս երկար ժամանակ դիմանում էր «կտտանքներին», բայց երբ դարձավ 5 տարեկան, որոշեց վերջ դնել այս ամեն ինչին։Մի քանի օր նա շատ մտահոգ էր, ծանր ու թեթև էր անում, մտորում․․․
Ի վերջո, աղջիկս գտավ ելքը։Խոհանոցում ընթրիք էի պատրաստում, երբ նա եկավ ինձ մոտ և ոգևորված հայտնեց։
—Մայրիկ, ես ամուսնանում եմ,-հայտնում է երեխաս։
-Լավ, իսկ ու՞մ հետ,-հարցնում եմ նրան։
-Դե, դեռ չգիտեմ։ Պիտի մտածեմ։
Որոշեցի օգնել դստերս, ի վերջո կարևոր հարց ենք լուծում։ Սկսեցինք մտաբերել մանկապարտեզի բոլոր տղաներին։
-Գուցե Արմենի հետ ամուսնանաս։ Խելացի, լուրջ տղա է,-առաջարկում եմ ես։
-Չէէէ, Արմենը վախկոտի մեկն է։ Նա ամեն ինչ իր մայրիկին է պատմում։
-Լավ, իսկ եթե ընտրենք Գոռին։
-Այո․․․համ էլ նա նոր հեծանիվ ունի,-ասաց իմ պրակտիկ երեխան։
Անձնական տրանսպորտ ունենալը, իհարկե, շատ լավ է։ Բայց Մանեն հայտնաբերեց, որ բացի հեծանիվից, Գոռն ուրիշ դրական կողմեր չունի։
—Գոռը ծույլիկ է և փնթի,-որոշեց իմ մեծ աղջիկը,-ձեռքերը երբեք չի լվանում, շորը պատռված է, տաբատը ջրաներկի մեջ կորած է, կոշիկներն էլ միշտ ցեխոտ են։
-Դե ուրեմն նրան պետք է ամուսնանալ։
Ինքդ էլ կլվանաս նրա հագուստը, կկարես, կմաքրես կոշիկները։ Չէ որ դու արդեն մեծ ես, գլուխ կհանես։
Մանեն շատ լուրջ դեմքով սկսեց մտածել։
Մի բան է ամուսնանալը, որպիսի էլ չլսես մայրիկիդ, ուրիշ բան է մեծի կյանքով ապրելը, այնքան շատ գործ կա անելու․․․
Եվ աղջիկս, ի վերջո, հայտնեց․
—Գիտես ինչ կա, մայրիկ, երևի ես դեռ չամուսնանամ։ Դեռ կհասցնեմ․․․