Նման բան ամեն օր չի լինում: Բարեբախտաբար, կան մարդիկ, ում համար միևնույն չէ, թե ինչ է կատարվում ուրիշների հետ:
Դեպքը եղել է մի քանի ամիս առաջ: Ուշ ժամի վերադառնում էի տուն:
Ավտոտնակների մոտ ինձ դիմավորեցին մի խումբ երիտասարդներ՝ մոտ 16-17 տարեկան:Հավանաբար, նրանք հետևել էին ինձ և տեսել, որ բանկոմատից նոր եմ հանել մեծ գումար:
Ի դեպ, դա իմ աշխատավարձն էր, որով մենք ողջ ամիս պիտի ապրեինք:Գուցե ինձ նյութապաշտ անվանեք, բայց պիտի խոստովանեմ, որ այդ պահին անհանգստանում էի ոչ թե կյանքիս, այլ գումարի համար: Ես գիտեի, որ այդ տղաներին իմ արյունը պետք չէ:
Այդ պահին հիփոթեքի, ապառիկների և վարկերի ամսական վճարումների և երեխաների վարձը վճարելու միտքն ինձ ուղղակի տանջում էր…Երիտասարդները արդեն շատ մոտ էին ինձ, երբ ավտոտնակների հետևից մի մուրացկան դուրս եկավ և սկսեց գոռալ ու թափահարել ձեռքին բռնած մեծ փայտի կտոր:
Ես հասցրեցի ոտքով հարվածել տղաներից մեկին, մնացածն էլ երևի վախեցան աղմուկից և փախան:
Ես մոտեցա իմ փրկչին.
—Շնորհակալ եմ: Փրկեցիք ինձ:
—Գուցե չմոտենայի, բայց տեսա, որ գումարիդ մասին ես մտածում: Նրանք երեկ մի հոգու հիվանդանոց ուղարկեցին: Գոնե գլխով մտածես, երիտասարդ: Գումարը՝ թուղթ է, իսկ կյանքը՝ կյանք:
Ամաչեցի: Կանչեցի նրան իմ տուն: Կինս սեղան գցեց նրա համար, իմ հագուստից որոշակի իրեր տվեցի: Զրույցի ընթացքում իմացանք, որ նա 47 տարեկան է, ժամանակին եղել է հարգված և կայացած մարդ, ուղղակի կյանքն է այդպես դասավորվել: Ասացի նրան, որ վաղը երեկոյան գա մեր տուն:
Հաջորդ օրը զանգեցի հորեղբորս, նա մեծ գործարան ունի: Խնդրեցի, որ այդ մարդուն մի աշխատանք տա և մնալու մի անկյուն:Նույն օրը երեկոյան նոր ընկերոջս հետ գնացինք գործարան, հորեղբայրս ասաց, որ նա պիտի տարատեսակ աշխատանքներ կատարի,
իսկ գիշերներն էլ կարող է քնել գործարանի առաջին հարկում գտնվող փոքրիկ սենյակում, այնտեղ բազմոց կա:
Ընթացքում նրան պոլիկլինիկա գրանցեցինք, քանի որ փողոցային կյանքը թողել էր հետքը նրա առողջության վրա, և իրեն բուժում էր անհրաժեշտ:Այդպես, մի մուրացկանի բարությունը փրկեց երկու հոգու կյանք…