Երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային ընդունված կանոնների համաձայն, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Որտեղով է անցնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախատեսված երկաթուղային ճանապարհը — Sputnik Արմենիա
Երևանն ու Բաքուն պայմանավորվել են Հայաստանի, Նախիջևանի և Ադրբեջանի միջև Երասխ-Ջուլֆա–Մեղրի–Հորադիզ երկաթգծի աշխատանքը վերականգնելու վերաբերյալ։ Դեռևս Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունն ամրապնդվել էր Բրյուսելում։
Դա հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ՀՀ վարչապետի խոսքով` երկաթգիծը գործելու է սահմանային և մաքսային ընդունված կանոնների համաձայն՝փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Արդյունքում Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանը` Նախիջևան։ Բացի այդ, եթե հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի հետ սահմանների և հաղորդակցությունների բացման մասին,ապա կգործի նաև Գյումրի–Կարս երկաթգիծը։ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է,որ Երասխ–Հորադիզ երկաթգիծը կարող է ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում պահանջել։