Երգչուհի Նունե Եսայանը երեկ հարազատների և ընկերների հետ միասին նշում էր ծննդյան 50-ամյակը:
Ամբողջ երեկոյի ընթացքում երգչուհին իր հյուրերին ուրախացրել է իր կատարումներով, ինչպես ասում է՝ բեմում լինելն իր համար ամենամեծ նվերն է: BlogNews.am-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները:
«Ծնունդս որոշել էի բացօթյա վայրում անցկացնել, որպեսզի կարողանայի երեկոյի ընթացքում երգել: Ավոյին էլ շատ դժվարությամբ համոզեցի, որ երգի․ քանի որ 50-ամյակս էր, չմերժեց: Հյուրերիս ուրախացրի իմ կատարումներով։ Երբ ես բեմում եմ, դրանից առավել նվեր ինձ համար չկա»,- պատմում է երգչուհին։
Այն հարցին՝ ի՞նչ անակնալ է ստացել ամուսնու՝ Ավո Խալաթյանի կողմից, երգչուհին նշում է. «Հուրախություն ինձ՝ ես երջանիկ կին եմ․ նա տարվա ընթացքում այնքան սիրալիր և ուշադիր է, որ ծննդյան օրս էլ չի տարբերվում մյուսներից:
Սերը, ուշադրությունը ես անընդհատ եմ զգում նրա կողմից: Նա ամեն տարի շատ հետաքրքիր և յուրահատուկ նվերներ է մատուցում: Այս տարին էլ բացառություն չէր»:
Երգչուհին չի վախենում իր տարիքից, ավելին՝ սիրում է ծննդյան օրը. «Ես չեմ զգում, որ մեծացել եմ և հայելու մեջ նայելիս այդքան չեմ վախենում»:
Ինչ վերաբերում է երեխաներին, Նունեն պատմում է․ «Աղջիկս չի գիտակցում, թե իր ծնողներն ովքեր են, բայց երբ զգում է, որ կողքից բոլորն ինձ ու Ավոյին ուշադրություն են դարձնում, սկսում է խանդել: Նրան թվում է, որ մեզ խլեցին նրանից: Իսկ տղաս շատ լավ է գիտակցում, բայց ոչ մի տեղ չի խաղարկում այդ փաստը:
Աստված իմ հանդեպ շռայլ է գտնվել․ լավը ավելի շատ է իմ կյանքում: Ինչ նպատակ դրել եմ, փառք Աստծո, հասել եմ: Այս տարի էլի նպատակներ ունեմ, ամբողջ տարին հոբելյանական է, և համերգներ կան մի քանի երկրներում: Գեղեցիկ համերգաշար կլինի՝ նոյեմբերին՝ Երևանում, ապրիլին՝ Մոսկվայում, ԱՄՆ-ում, ինչպես նաև նոր տեսահոլովակներ, նոր երգեր կլինեն:
Կարծես գարուն է բացվել, անընդհատ ուզում եմ ստեղծագործել, ապրել, մաքսիմում ապրել: Ոչ ոք չգիտի՝ վաղը ինչ է լինելու: Թող բոլորն ապրեն, ինչպես ես՝ բարի, սիրուն, ուրախ, որովհետև մարդիկ սկսել են զբաղվել այն ամենով, ինչն ավելորդ հոգս է նրանց համար: Թող թողնեն ամենը և զբաղվեն իրենց ամենասիրելի գործով»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի