Սուպերմարկետում պատահաբար կորցրեցի 2 տարեկան որդուս. Ես ինչ կորցրել էի, երբ հանկարծ բոլորը սկսեցին բարձր ծիծաղել…

Մոտ մի ամիս առաջ 2 տարեկան որդուս հետ գնացել էի սուպերմարկետ: Երեխաս մանկասայլակի մեջ քնած էր, իսկ ես էլ  հանգիստ շրջում էի խանութում: Հերթով անցնում էի բոլոր բաժիններով և արագ վերցնում անհրաժեշտ մթերքը:

Փորձում էի գնումներս կատարել մինչև երեխայիս արթնանալը: Հասա դրամարկղի մոտ, մանկասայլակը կանգնեցրեցի հերթի մեջ և հանկարծ նկատեցի, որ մեծ զամբյուղի մեջ ակցիայով ինչ-որ ապրանք է դրված: Սկսեցի ուսումնասիրել, ևս մի քանի բան վերցրեցի և եկա, կանգնեցի հերթի մեջ:

Եվ այդ ժամանակ սկսվեց ամենահետաքրքիրը:

Բացեցի պայուսակս, որ դրամապանակս գտնեմ: Երևի դժվար է հավատալը, բայց ես իրոք վստահ էի, որ երեխան սայլակի մեջ քնած է: Առաջին հերթին, ամրագոտին կապած էր, իսկ երկրորդը՝ որդիս երբեք ինքնուրույն չէր իջել մեջից:Հանկարծ հեռվից երեխայի ձայն լսեցի և անկախ ինձանից նայեցի սայլակի մեջ…

Որդիս չկար…Բայց ինչպե՞ս…Երեխաս անհետացել էր:

Շուրջս ոչ մի բան չնկատելով և ոչ ոքի չլսելով՝ սայլակն ու գնումներս դրամարկղի մոտ թողեցի և վազեցի ներս: Ես խելագարի պես վազում էի և գոռում.

Ալեն, ու՞ր ես, տղաս, ու՞ր ես…Ալեն…

Երևի 3 րոպե այդպես շարունակվեց, մինչ ինձ մոտեցավ սուպերմարկետի ադմինիստրատորը և հարցրեց, թե ինչ է եղել: Բացատրեցի, խնդրեցի օգնել: Բայց այդ պահին տեսա, որ դրամարկղի մոտ կանգնած մի տարեց մարդ ձեռքով ինձ է կանչում:

Վազելով գնացի, տեսնեմ, հերթի մեջ բոլոր կանգնածները ծիծաղում են: Պարզվեց, որդիս մտել էր իր սայլակի ներքևի հատվածը, որտեղ խաղալիքները կամ գնումներն ենք դնում, և դրամարկղի կողքի հատվածից վերցրած կոնֆետն է ուտում:

Ես այնքան մեծ թեթևություն զգացի, չեք պատկերացնում: Հետագայում նման դեպքեր էլի էին լինում, բայց ես արդեն գիտեի, թե որտեղից գտնեմ իմ չարաճճիին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика