Տաքսիստն ասաց ինձ․-Աղջիկ ջան դիմակով վախենալու ես, հանիր այն

Տաքսիստն ասաց՝ «աղջիկ ջան, դիմակով վախենալու ես, հանի՛»։ PanARMENIAN.Net — «Ազի՛զ ջան, դիմակով վախենալու ես, հանի՛ էդ, ոչ մի վիրուս էլ չկա»,- շատ վստահ ու իրենից գոհ ասաց տաքսու վարորդը մեքենա նստած կոլեգայիս: Վերջինս, իհարկե, չհանձնվեց՝ նշելով, որ դիմակն իր համար է դրել, ոչ թե վարորդի, և որոշեց չշարունակել վեճը. համավարակ է, անձրև, առանց այդ էլ տրամադրություն չկա:

Թողնելով հարցի էթիկական կողմը՝ անցնենք «վիրուս չկա»-ին: Մեր ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք պատրաստ են հավատալու ռեպտիլոիդների, տափակ երկրագնդի, մանուկների արյամբ սնվող և դրա հաշվին երիտասարդությունը պահպանող հոլիվուդյան աստղերի, արյան մեջ լուծվող չիպերի, բջջային ցանցի աշտարակների միջոցով տարածվող վիրուսների, մարդկությանը վերացնել փորձող Բիլ Գեյթսի, սոդայով բուժվող քաղցկեղի մասին տարատեսակ նյութերին ու անհայտ ծագման հոդվածներին (ընտրել ենք վերջին օրերին առավել տարածված թեմաները), պատրաստ են վճարել ինչ-որ շառլատանների, աստղագետ-հոգեբանների, սուրճի թանձրուկով ապագան գուշակողների, վախը չափողների, մեզը խմեցնողների, դաշտանի արյունով սիրեկաններին գրավողների, այսօր այդ նույն մարդիկ չեն հավատում համաճարակի գոյությանը:

Այնինչ դա նույնիսկ ապացուցել պետք չէ, համաճարակները եղել են և պարբերաբար վերադառնում են, կարելի է պարզապես բացել Google-ը կամ պատմության գիրքը և կարդալ ժանտախտի, խոլերայի, թոքախտի և իսպանական գրիպի մասին: Սրանք թերևս այն խոշոր ալիքներն են, որոնց մասին բոլորն էլ լսել են: Բայց «դուխավիկ-կոնսպիրոլոգներին» ավելի հաճելի ու հեշտ է ասել, թե «ոչ մի վիրուս էլ չկա», ու զգալ իրենց աշխարհի գիտնականներից ավելի խելացի, քան կարդալ, տնտղել, ուսումնասիրել և անել պարզ ու տրամաբանական եզրակացություններ:

Չէ՞ որ դա հետաքրքիր չէ, չէ՞ որ այն հանգամանքը, որ աշխարհի բոլոր մասոնները, սորոսներն ու բիլգեյթսերն ընկել են «իմիննոյ» նրա՝ պայմանական «խադավիկ Վլեի» հետևից, նոր գույներով է լցնում Վլեի կյանքը, դարձնում այն ավելի արժեքավոր, իսկ Վլեին՝ ավելի լուրջ մարդ հարևանների աչքերում:«Սաղ էդ Գեյթսն ա, ուզում ա սաղիս վարակի, որ հետո պատվաստի ու չիպավորի, որ հետո կառավարի, ու բոլորս չբեր դառնանք, մարդկությունն էլ վերանա», — ասում է Վլեն՝ ծուլորեն ձգվելով ու քորելով գարեջրի ամենօրյա բաժինն ընդունելուց հետո կլորացած փորիկը: Ասում է ու գեթ մի անգամ ինքն իրեն հարց չի տալիս, թե ԱՄՆ-ի իր շքեղ տանը նստած Գեյթսի ինչի՞ն է պետք կառավարել հայկական մի փոքրիկ քաղաքում ապրող ու «օրվա հացի հետ յոլլա գնացող» մի խադավիկի ու «կտրել նրա քոքը»:

Կամ եթե այդքան պետք է, ինչու՞ է Գեյթսն այդքան «անֆայմ», որ ընտրել է այդ բարդ ճանապարհը. սպանել իր իսկ օպերացիոն համակարգից օգտվող և իր ընկերության պրոդուկտները սպառող մարդկանց, ծախսել մեծ գումարներ վիրուս ստեղծելու վրա, վարակել բոլորին, հետո զոռով պատվաստել՝ հարուցելով Վլեի նման խելացիների կասկածը, չկարողանալ բոլորին չիպավորել ու մարդավարի կառավարել, քանի որ շատերը կհրաժարվեն, կորցնել ահռելի գումարներ, լինել այնքան անհաջող չարագործ, որ Հայաստանում նրան միանգամից բացահայտեցին:

Դրա փոխարեն կարելի էր պատվաստանյութի այդ թունավոր տարրերը խառնել գարեջրի, կոկա-կոլայի, սիգարետի հետ, ու Վլեն լրիվ ինքնակամ և առանց կասկածելու կընդուներ դրանք: Դա կլիներ թե՛ ավելի էժան, թե՝ էֆեկտիվ: Բայց մենք հասկանում ենք, որ միլիարդներ դիզած հաջողակ բիզնեսմեն Բիլ Գեյթսը հիմար է, իսկ սովորական տեղեկանք գրելու ընթացքում 36 հատ տառասխալ անող Վլեն՝ խելացի:

Հասկանում ենք, որ իրենց և շրջապատի մասին մտածող պատասխանատու քաղաքացիները, որոնք փորձում են միմյանցից պահպանել հեռավորություն, կրում են դիմակներ ու ձեռնոցներ, «հարիֆ են», իսկ բեսեդկաներում 6-20 հոգով հավաքվող, հերթերում իրար գիրկ կանգնող, համավարակի պայմաններում հարսանիք անող, հաստատված հիվանդ լինելով՝ թաղմանը բոլորին գրկող մարդիկ խելացի են, ազատ ու քթածակով:

Ո՛չ, պարոնա՛յք, այդ մենք չենք «դիմակով վախենալու», այդ դու՛ք եք վախենալու առանց դիմակի, դու՛ք եք վախենալու, որ ձեր համառությամբ ու անմիտ անվախությամբ արդեն մոտ 2 ամիս է՝ ջուրն եք նետում մեր՝ ինքներս մեզ անըդհատ վերահսկելու, մեր հարազատներին ու ընկերներին չտեսնելու, ուրախություններից մեզ զրկելու գնով համավարակի տարածման դանդաղեցմանն ուղղված փորձերը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика