Օրեր առաջ Ռիմա Դեմիրճյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին։ ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է Ռիմա Դեմիրճյանը` ՀՀ ազգային հերոս, քաղաքական պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կինը։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԲԿ–ից։ Ռիմա Դեմիրճյանը 88 տարեկան էր։ Օրեր առաջ նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին։ Վերջին տարիներին նա «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրենն էր։
Դրանից առաջ Ռիմա Դեմիրճյանը երկար տարիներ դասախոսել է պոլիտեխնիկական համալսարանում։ Կարեն և Ռիմա Դեմիրճյաններն ունեն 2 որդի` Ստեփան Դեմիրճյանը և Սամվել Դեմիրճյանը։
Ռիմա Աղասիի Դեմիրճյան (Կարապետյան): Ծնվել է 1933թ. հոկտեմբերի 2 –ին Դիլիջանում, կադրային զինվորականի ընտանիքում: Ավարտել է Երևանի Պուշկինի անվան դպրոցը: 1955թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիայի ֆակուլտետը:
Երկար տարիներ դասավանդել է պոլիտեխնիկական ինստիտուտում: Հանրապետության քիմիայի բուհական դասագրքի համահեղինակ է: 2012թ. լույս տեսավ նրա «Հիշատակ» գիրքը՝ Կ. Դեմիրճյանի կյանքի և գործունեության մասին: Որոշիչ դեր է ունեցել Կարեն Դեմիրճյանի թանգարանի կայացման գործում: