Մասիսի մասին շատ բան է գրվել ու ասվել, հուսով եմ, որ մեր ասածը կրկնություն չի լինի: Որպեսզի ասածներս հասկանալի լինի, սկսենք հիմքից, նախ ինչ է իրենից ներկայացնում Մասիս սարը ֆիզիկական տեսակետից:
Կարելի է ասել, որ սարն իր ծավալով ու չափերով, աշխարհի խոշոր հրաբուխներից մեկն է։
Այն իրենից ներկայացնում է մի խոշոր զանգված, որն ամբողջությամբ կազմված է, տարբեր ժամանակներում ժայթքած հրաբխային լավաներից:
Պետք է ասել, որ հրաբուխների առաջացման ժամանակը (ժայթքման ժամանակը) կոպիտ ձևով կարելի է որոշել հենց իր՝ հրաբխի տեսքից ու չափերից, որքան խոշոր է հրաբուխը (զանգվածը), այնքան ավելի հին է նա (համեմատության համար ասենք, որ Հայաստանում կան մոտ 1-1.5 միլոն տարեկան) հրաբուխներ, որոնց խառնարաններում տեղավորված են մի քանի երիտասարդ (20-30 հազար տարեկան հրաբուխների խառնարաններ), այսինքն մեծ Մասիսը՝ Սիսից շատ ավելի հին է: Երկրաբանները մեծ Մասիսի առաջացման տարիքը հաշվարկել են մոտ 3,5 միլիոն տարի, իսկ Սիսը առաջացել է ընդամենը 150 000 տարի առաջ:
Պատկերացնո՞ւմ եք, մեծ Մասիսը մոտ 3,35 միլիոն տարի միայնակ սպասել է, մինչև Հայր Արան որոշել է առաջացնել նաև Սիսը, որպեսզի և Մասիսի համար տխուր ու միայնակ չլինի, և Արիացիներն (Հայերը) ունենան Սիս և Մասիս:
Սովորաբար Հրաբուխները տեղադրվում են խոշոր բեկվածքների վրա, որով էլ առաջանում է հրաբխի հիմնական կանալը (լավայի վեր բարձրացման ճանապարհը), եթե հրաբխի խորքային օջախը մնում է ակտիվ, ժամանակ առ ժամանակ, երբ օջախում մեծանում է ճնշումը, աշխատում է հրաբխի հիմնական կանալը, որը երբեմն իր վերին մասում փոխում է իր տեղադրությունն, առաջացնելով ժայթքման այլ կենտրոններ, որոնք տեղադրվում են ոչ շատ հեռու Մայր հրաբխից, երբեմն մայր հաբուխի լանջին:
Այսինքն, Սիսը առաջացել է Մայր հրաբխի (մեծ Մասիսի) հիմնական կանալի վրա, որի պատճառով էլ Հայերը մայր հրաբխին անվանել են Մայր Սիս կամ Մասիս: Այսիքն, այստեղ մայր անունը կապ չունի Մայր աստծո հետ:
Տրամաբանությունը ասում է, որ սկզբում անուն է ստացել Սիսը, որից հետո էլ Մասիսը, սա էլ իր հերթին ցույց է տալիս, որ Հայ էթնոսը առաջացել է Սսի առաջացումից հետո, հակառակ դեպքում նրանք անուն կտային մեծ Մասիսին, իսկ հետո միայն նոր առաջացած Սսին:
Այստեղից էլ կարելի է մեծ հաշվով հաշվարկել Հայ էթնոսի առաջացման վերին սահմանը մինչև 150 000 տարի, ավելի հնացնողները պետք է որոշեն, թե ինչ է եղել մեծ Մասիսի անունը, երբ դեռ չկար
Այստեղ պետք է նշել, որ փոքր Մասիսի ժայթքումը, միակը չէր Մասիս հրաբխի գոյության ժամանակահատվածում, այն ժայթքել է շատ անգամներ, իսկ ահա վերջին անգամ ժայթքել է վերջին սառցապատումից հետո (վերջին 10 000 տարինների ընթացքում), ժայթքման արդյունքները հրաշալի երևում են երկու Մասիսների միջանկյալ մասում,
որտեղ առաջացել են ոչ մեծ չափերի խառնարաններ, իսկ լավաները հոսել են դեպի սարի հարավային կողմը: Որոշ հետազոտողներ գտնում են, որ 1840 թվականի երկրաշարժը (երբ ավերվեց Ակոռի գյուղը), ուղեկցվել է հրաբխային գործունեությամբ:
Ւսկ այժմ ՍԻՍ անվան մասին. Այն ամենայն հավանականությամբ նշանակում է սար, թերևս մի փոքրիկ, բայց կարևոր լրացումով:
Որպեսզի հասկանանք, թե որ սարերին էին հայերը Սիս անվանում, ծանոթանանք Հայքի Սիս անվանումներին, բայց քանի որ դրանք շատ են, վերցնենք մի քանի ամենակարևորները. 1. Սիսական կամ Սյունիք, 2.Սիս Մայրաքաղաքը, 3. Սիսը, կամ փոքր Մասիսը:
1. Սիսական կամ Սյունիք երկրանունը:
Համլետ Մարտիրոսյանը սիս բառը բացատրել է ցից նշանակությամբ, կարծում եմ ստուգաբանությունը ճիշտ է, եթե հաշվի առնենք, որ երկրանվան մյուս անունը (Սյունիք) ուղղակի հուշում է սյուների երկիր, ըստ որում, երկրի կենտրոնական մասը ամբողջովին ծածկված է բնական ու արհեստական ցցերով՝ ամբողջ Գորիսը բնական ցցերով,
և Սիսիանը արհեստական՝ Զորաց կամ Ցից քարերով (Քարահունջ):
2.Սիս Մայրաքաղաքը, կիլիկիայի մայրաքաղաքը նույնպես կոչվել է Սիս, առաջին իսկ նկարագրությունը Սիս մայրաքաղաքի մասին.
«Սիս Քաղաքի մոտ` սրածայր ու անմատչելի Սիս լեռան վրա էր գտնվում հայերի ձեռքով կառուցված Ս-ի հզոր ու ամրակուռ բերղը, որի սլացիկ աշտարակները, բուրգերը, դիտանոցներն ու հաստահեղույս ատամնավոր պարիսպները քաղաքի անվտանգության հուսալի երաշխիքներն էին:»
Ինչպես տեսնում եք և լեռն է սրածայր և ատամնավոր պարիսպները:
Նշված օրինակներից հասկանալի է դառնում, որ սիս նշանակում է սար, որը ունի ուղղաձիգին մոտիկ պատեր և սուր ու ցից գագաթ:
Իսկ հիմա քննարկենք փոքր Մասիսը կամ Սիսը, որը աչքի է ընկնում իր սուր գագաթով և համարյա ուղղաձիգ լանջերով․
Պետք է նշել, որ Փոքր Մասիսը համարյա նույնությամբ պահպանել է իր սկզբնական առաջացման տեսքը (այն համարվում է երիտասարդ հրաբուխ) և լիովին համապատասխանում է ՍԻՍ անվանը:
Այսպիսով Հայերն առաջինն անվանել են Փոքր Մասիսին՝ ՍԻՍ, իսկ Մեծ Մասիսին՝ քանի որ հասկացել են, որ մեծի շնորհիվ է առաջացել Սիսը՝ ՄԱ-ՍԻՍ (ՍՍի մայր):
Իսկ հիմա սարի Արարատ անվան մասին: Սարի հնագույն պահպանված անունը գտնում ենք շումերական սեպագրերում և բիբլիայի հնգամատյանում, որտեղ ուղղակի նշվում է համապատասխանորեն Մասիս և Արարատ: Կարծում եմ, որ սարի հնագույն անունը հենց Արարատ էլ եղել է, փորձեմ հիմնավորել:
Ընդհանրապես հայկական անուններից հնագույն անունները սովորաբար տարբերվում են նոր անուններից իրենց էությամբ, այսինքն նրանք ցույց են տալիս անվանատիրոջ էությունը, իսկ նոր անունները՝ հիմնականում ֆիզիկական հատկությունները: Ինչպես տեսանք, Սիս կամ Մասիս անունները ցուցանոմ են սարերի ձևը, իսկ Արարատ անունը կարծում եմ, որ ցույց է տալիս սարի էությունը:
Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է նշանակում ԱՐ ԱՐ ԱՏ: Եթե բառը բաժանում ենք վանկերի, ստացվում է միևնույն ԱՐ վանկի կրկնությունը, կամ կրկնակի ԱՐ, վանկ, որը դրված է Հայոց հիմնական հնագույն բառերի հիմքում: Պարզվում է, որ այս ԱՐ-ը այնքան էլ հասարակ վանկ չէ, այլ Հայոց Ար- Ար- իչ աստծո Ար անունն է, և այդ ԱՐ –ով է սկսվում Արարատյան թագավորության գրեթե բոլոր գավառները և թագավորների անունները:
Մարտիրոս Գավուքճյանը Վանա լճի շրջակա քարտեզը ուղղակի վերնագրել է ԱՐ-երի երկիր, որտեղ գրեթե բոլոր տեղանունների հիմնական բաղադրիչը ԱՐ-ն է: Հեղինակը մի ամբողջ գլուխ է նվիրել այս հարցին, որն էլ անվանել է «ԱՐ բաղադրիչով կազմված տեղանուններ ու ցեղանուններ:» Տես Մարտիրոս Գավուքճյան, Ուսումնասիրություններ Հայոց հնագույն պատմության, Երևան 2010թ, էջ 215:
Այսպիսով պարզեցինք, որ Հայերը իրենց գլխավոր ԱՐԱՐիչ աստծուն անվանել են ԱՐ, այսինքն Արարատը խիստ կերպով (կրկնակի կապով) կապված է Արարիչ ԱՐ աստծո հետ: Հին Հայերը այստեղ երկու ԱՐ են տեսել (քանզի Արարատը ընդհանոր սարի անվանումն է, Սիսն ու Մասիսը միասին) , այսինքն ստացվում է ամեն մի սարը մեկ ԱՐ:
Այսինքն այս սարը շատ կարևոր տեղ էր գրավում Հին Հայերի պաշտմունքային պանթեոնում, թե չէ ինչպես կարող էին գլխավոր Աստծուն ԱՐ անվանել, իսկ սարին կրկնակի ԱՐ, Գուցե՞ սարը իսկապես տիեզերքից ինֆորմացիայի ալիքներ է հավաքում …
Հին ավանդությունը ասում է, որ աստվածները Հայր ԱՐԱյի գլխավորությամբ ապրում էին Արարատ սարի վրա …Կարծում եմ, որ այդ աստվածներն էլ սկզբում սարին անվանել են իրենց գլխավոր աստծո անունով ԱՐԱՐԱՏ, Կրկնակի ԱՐ կամ կրկնակի ՍԱՐ, իսկ հետո շրջակա լեռները Արարատյան լեռներ, և երկիրը Արարատյան Երկիր:
Քանի որ վերջերս շատ է խոսվում Մասիսի տիեզերական ընդունիչ լինելու մասին, ապա անհրաժեշտ է նշել, որ այդ հարցը հավանաբար ավելի լուրջ է, քանի որ այդպիսի զույգ սյուների օգտագործման պրակտիկայի մասին են խոսում մուսուլմանական մեջիթները, որոնց մեծ մասը կառուցվում են զույգ մինարեթներով: Այս մասին իհարկե կարելի էր նույնիսկ չգրել եթե հանկարծ չպարզվեր, որ այդ զույգ աշտարակները օգտագործել են շատ ավելի հնում հենց … Հայերը դեռևս 12 հազար տարի առաջ (Պորտասար ) :
Ահա այստեղ էլ սկսում ենք հասկանալ, թե ինչքան քիչ բան գիտենք Հայոց հին հավատքից և մեր փառավոր նախնիներից:
Հովհաննես Ազիզբեկյան
Արա Հովհաննիսյան