Ժամանակին ինչու արգելվեց Աշնան արև ֆիլմի ցուցադրությունը. Ինչու այն ճակատագրական եղավ Անահիտ Ղուկասյանի համար և ով նրան սիրահարվեց…

Ավելի քան հիսուն տարի Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում բազմաթիվ դերեր խաղացած դերասանուհի Անահիտ Ղուկասյանն իր այցեքարտը համարում է «Աշնան արև» ֆիլմը, որտեղ մարմնավորում էր Աղունին:

Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արևը», ինչպես նաև Աղունի դերը շրջադարձային եղան հայ կինոյում։ Հակասովետական համարվելու պատճառով ֆիլմը ութ տարի հետո միայն բարձրացավ էկրան: Չնայած ֆիլմի նկարահանումից անցել է քառասունմեկ տարի, բայց Անահիտի հուշերը չեն ծերացել, և դրանց մասին նա պատմել է BlogNews.am-ին:

Անահիտի հետ հանդիպեցինք Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, պատմում է, որ շատ սիրում է երեխաներին և այն ներկայացումները, որտեղ ընդգրկված է․ «Երեխան իր առաջին գեղագիտական դաստիարակությունն ստանում է մեր թատրոնում:

Երեխային չես կարող խաբել վատ խաղով․ եթե մի քիչ թերանաս, նա միանգամից սկսում է զբաղվել լրիվ ուրիշ գործով, և նրա համար արդեն միևնույն է՝ ինչ է կատարվում բեմում»:

Իր խաղացած դերերից առանձնացրեց Մարշակի հեքիաթները, որտեղ մարմնավորում էր արքայադուստր Անֆիսային. «Փառահեղ դեր էր, շատ էի սիրում: Անֆիսան այն արքայադուստրերից էր, որ ուզում էր ամուսնանալ, բայց չէր ստացվում. տգեղ էր: Չեք պատկերացնի, թե հանդիսատեսն ինչքան էր սիրում այդ ներկայացումը:
Իմ զուգընկերն Արմեն Սանթրոսյանն էր, ով արքայազնի կերպարում էր: Այն ժամանակ հետաքրքիր ավանդույթ կար․ երեխաները մեզ միշտ ծաղիկներ էին բերում, իսկ հիմա ծաղիկներն այլևս չկան»:

Չնայած տարվա ընթացքում երկու-երեք ֆիլմում նկարահանվում է, բայց դերասանուհու համար «Աշնան արևը» մնում է ամենասիրելին. «Դա իմ առաջին ֆիլմն էր, յուրաքանչյուր դերասանուհի պարզապես կերազեր այդ դերը մարմանվորել: Իմ կարծիքով՝ դա շեքսպիրյան դերերին հավասար կերպար էր:

Ռեժիսորը՝ Բագրատը, երբեմն ինձ վրա զայրանում էր, ասում էր՝ բալետի պարուհու նման ես քայլում, բայց ես ոչինչ չէի կարող անել: Արուսը ծնվել, մեծացել էր գյուղում, նա գիտեր ինչպես քայլել, իսկ ես չէի կարող այդպես: Ես միշտ եղել եմ նիհար, թեթև, բայց երևի համոզիչ եմ խաղացել»:

Ֆիլմի գլխավոր դերակատարուհու համար քասթինգին մասնակցել է մոտ 200 դերասան, փորձել են նաև Վարդուհի Վարդերեսյանը, Անահիտ Թոփչյանը, Ալլա Թումանյանը, դերասանուհի կար նաև Վրաստանից. «Կինոյում նկարահանվելու փորձ չունեի, շատ վախենալով էի դրան մոտենում և ամենայն պատասխանատվությամբ: Իմ անկեղծությունն է, կարծում եմ, գրավել ռեժիսորին, քանի որ ես երբեք դա չեմ կեղծում:

Ֆիլմն իսկապես բարդ էր ինձ համար, ես ծնվել եմ Երևանում, ապրել քաղաքի կենտրոնում, իսկ մեր նկարահանումները գյուղում էին, ինչն ինձ համար իսկապես սարսափելի էր․ ես անգամ չէի կարողանում տանել գյուղական հոտը: Իհարկե, ամեն ինչ հաղթահարեցի, քանի որ շատ եմ սիրում իմ աշխատանքը, և եթե որևէ գործ անում եմ, լիովին նվիրվում եմ դրան»:

Անահիտի մասնակցությունը ֆիլմում դուր չէր եկել շատ դերասանուհիների։ Պարզվում է՝ բողոքողներից մեկը Վարդուհի Վարդերեսյանն է եղել. «Վարդուհին ասել էր՝ դա իմ դերն է, ի՞նչ գործ ունի այդ կաթնակերն այնտեղ: Այդ ամենն ինձ չէր խանգարում, քանի որ ինձ էին ընտրել, և ես արդեն նկարահանվում էի: Ես Վարդուհու մասին ոչինչ չէի ասում, նրա հետ հեռուստաընկերությունում բազմաթիվ գործերում եմ աշխատել»:

Ֆիլմի նկարահանումներն անցնում էին Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրում, չնայած Հրանտ Մաթևոսյանը դեմ էր: Ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի հետ հաճախ էին ստեղծագործական վեճեր ունենում այդ թեմայով․

«Բագրատն ասում էր․ «Հրանտ, հասկացիր, այդ գյուղում պետք է նկարահանենք», իսկ դա Հրանտի բնօրրան էր, և նա չէր ուզում, որ որևէ մեկն այնտեղ մտներ, քանի որ նրա ընտանիքին այնտեղ չէին սիրում: Ֆիլմում Աղուն է անունս, բայց Հրանտի մոր անունն Արուս էր: Շատ հետաքրքիր կին էր, տառ անգամ չգիտեր, բայց խոսում էր հանգերով»:

Անահիտը ֆիլմի հետ կապված շատ դրական և հետաքրքիր հիշողություններ ունի, պարզվում է՝ ռեժիսորը սիրահարվել էր իրեն, բայց ոչ միայն նա. «Մեր գլխավոր օպերատորը՝ Կարենը, շատ լուրջ վերաբերմունք էր ցույց տալիս իմ նկատմամբ: Հետո նա ֆիլմի կեսից գնաց: Նկարահանման դադարների ժամանակ ես նստում էի մի անկյունում և փորձում անջատվել, որպեսզի հանգստանամ: Մեկ էլ լսում եմ Բագրատի ձայնը, ասում էր՝ Կարեն, դու քեզ հավաքի, քանի որ մենք ամուսնանում ենք: Աչքերս բացում եմ, ասում եմ՝ ո՞ւմ հետ եք ամուսնանում, Բագրատ Գալուստովիչ (ես նրա հետ «Դուք»-ով էի խոսում. ի վերջո, տասնյոթ տարով մեծ էր ինձանից): Բագրատն ասում է՝ ես հետո քեզ ամեն ինչ կբացատրեմ: Այդ խոսակցությունից հետո Կարենը հրաժարվեց նկարելուց, իսկ մենք պետք է վերադառնայինք Երևան, որպեսզի նոր օպերատոր գտնեինք: Երբ վերադառնում էինք, Բագրատն ասաց, որ իմ ճամպրուկները տեղավորեն նրա մեքենայի մեջ։ Ինձ առաջինը ճանապարհելու փոխարեն մենք սկզբում գնացինք նրա տուն։ Մտածեցի՝ դե լավ, ռեժիսոր մարդ է, երևի այդպես պետք է լինի:

Մեկ էլ տեսնեմ՝ իմ ճամպրուկն է հանում։ Ասաց՝ Անահիտ ջան, իջիր, ասում եմ՝ ինչո՞ւ: Ասաց՝ ես ամեն ինչ կբացատրեմ: Վերցրեց ճամպրուկս և առաջ գնաց, իսկ ես՝ նրա հետևից: Տան դուռը բացեց նրա հայրը, ասաց՝ պապ, ծանոթացիր, իմ կինն է: Բագրատն ինձ կանգնեցրեց փաստի առաջ։ Իհարկե, նրան սիրահարված չէի, բայց գնահատում էի նրան․ շատ խելացի էր, տաղանդավոր, շատ գեղեցիկ մարդ էր՝ բոյով, վառվռուն, սև աչքերով: Ես պարզապես շատ էի գնահատում նրան: Ես այն տարիքում չէի, որ ռոմանտիկայի մասին մտածեի, երեսուն տարեկան էի և արդեն մեկ անգամ ամուսնալուծված:

Բագրատը շատ էր խանդում ինձ, զզվացնելու աստիճան շատ: Շաբաթը մեկ բաժանվում էինք․ իդեալական ընտանիք էինք՝ վեճերով և հաշտություններով: Պատուհանին իրավունք չունեի մոտենալու, ասում էր՝ դիմացի շենքից քեզ կտեսնեն: Շատ էր սիրում ինձ, բայց չէր ասում դրա մասին, միայն ասում էր՝ հիմարիկ, դու ոչինչ չես հասկանում»:

Անահիտը նշում է, որ «Աշնան արևն» իր համար ճակատագրական էր, որովհետև նա թատրոնում միակն էր, որ նկարահանվում էր ֆիլմում. «Ինձ հանեցին թատրոնից: Երկու ամիս ես չէի խաղում թատրոնում։ Ժողովներ արեցին, քննարկեցին իմ ուշացումները: Կային դերասանուհիներ, որ հզոր դերասանուհիներ էին համարվում, և ես խանգարում էի նրանց: Երկու ամիս հետո նախարարությունից զանգ ստացա, և ինձ կանչեցին իրենց մոտ: Բագրատի հետ գնացինք, ես անգամ բառ չեմ ասել: Հիշում եմ՝ նախարարն ասաց՝ մի բան պետք է խնդրեմ, վերադառնում եք թատրոն և չեք փորփրում, թե որն էր ձեր հեռացման պատճառը»:

Ֆիլմն ութ տարի արգելվեց, թույլ չէին տալիս թարգմանել, միայն հայերեն էր, և ցույց էին տալիս բացառապես ակումբներում․ «Շատ էի նեղվում, պարզապես ողբում էի: Բագրատն էլ էր ահավոր հոգեվիճակում: Այն ժամանակ հեշտ չէր ֆիլմ նկարահանելը։ Պատկերացնում եք՝ այդ մեծ բետաններով գնացել էինք Մոսկվա, Գերասիմովին առանձին ենք ցույց տվել, Բոնդարչուկին՝ առանձին, և բոլորի համար ես ամբողջ ֆիլմը թարգմանում էի»:

Հիմա ժամանակները փոխվել են, և ֆիլմը բավական հաճախ են ցուցադրում. «Երիտասարդները հիմա այնպիսի ոգևորվածությամբ են խոսում ֆիլմի մասին, իսկ այն ժամանակ չէին հասկանում: Այդ ամենն ինձ ոգևորում է»:

Աղբյուր՝ Blognews.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика