Սուրբ ծննդյան օրը ընկերոջս հիմնադրամի հետ այցելեցի ծերանոց, երբ մի տարեց մարդ ձեռնափայտով մոտեցավ ինձ և․․․

Սուրբ Ծնունդի օրն էր: Ընկերոջս բարեգործական հիմնադրամի հետ այցելեցի ծերանոց:Քանի որ ինքս երեխաներ չունեմ, ճանապարհին մտածում էի, որ մի օր ինքս էլ եմ հայտնվելու նման կարգի մի վայրում:

Հուզված էի: Լուռ կանգնած նայում էի այն ամբողջ աշխուժությանը, որ տիրում էր ընկերոջս բերած փաթեթների շուրջ: Ծերերն ընտրում էին իրենց հարմար նվերներ: Այս ամբողջ աժիոտաժին անհաղորդ մի քանի տղամարդ կանգնած էին ու միայն նայում էին մեզ:

Մենք նոր դեմքեր էինք, իսկ իրենք շփման ծարավ ունեին, կարոտն աչքերում նայում էին անհամարձակ ու խեղճացած:Հայրս նոր է մահացել, ես դեռ այն վիճակում եմ, որ չեմ ընդունել նրա չգոյությունն ու ամեն մի տարեց մարդու մեջ նրան եմ փնտրում…

Նայում էի այդ ծերունիներին ու մտածում, որ շատ բան կտայի, եթե միայն իմ հայրն էլ լիներ, ապրեր այսպես: Ինչպե՞ս են իրենց զավակները հանդուրժել, որ ծնողները հայտնվեն ծերանոցում…Մտածում էի, երանի, թե հնարավորություն լիներ այս մարդկանցից մեկին հետս տանեի ու հորս փոխարեն պատվեի, խնամեի…

Պարզ է, հորս տեղը ոչ ոք չի լրացնի, բայց կարոտած մարդուն ինքնախաբեությունը հաճախ է օգնում…Տարեց տղամարդկանցից մեկի հայացքը մեխվել էր սրտումս, շատ հայրաբար, գորովալից հայացքով էր նայում: Երևի, ինչպես ես իրեն նայելով իմ հորն էի հիշում, այնպես էլ նա իմ մեջ իր զավակներին էր տեսնում:

Այդ մտքերի մեջ էի, ատամներս էի սեղմում, որ հանկարծ լաց չլինեմ: Մեկ էլ հանկարծ այդ մարդը դողդոջ քայլերով, ձեռնափայտին հենված, կամաց մոտեցավ ինձ, շշնջաց. «Շնորհավոր Սուրբ Ծնունդ, բալես» ու դանդաղ հեռացավ:Զգացի, որ աշխարհը գլխիս փլվեց, կարծես նորից հայրս հեռացավ: Այդ ահավոր զգացողությունից ազատվելու համար արագ դուրս եկա շենքից, տեղս չէի գտնում…

Հասկանում եմ, կյանքում հազար տեսակ իրավիճակ կարող է լինել, գուցե այդ մարդու զավակները զոհված են, գուցե բանտում են, ինչ իմանաս, ինչ կարող է եղած լինել, որ նա այժմ ծերանոցում է, բայց ամեն դեպքում, անձամբ իմ ընկալմամբ, ոնց էլ ուզում է լինի, «ծերանոց» ու «մանկատուն» գաղափարն անգամ չպիտի լինի:

Ոչ մի ծեր մարդ չպիտի անտեր մնա, ոչ մի մանուկ չպիտի տոպրակի մեջ դրվի ու նետվի աղբանոց:Մարդը պիտի չմոռանա, որ ինքը մարդ է

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика