Ռուսաստանը եռակի պարտություն կրեց Թուրքիայի նկատմամբ. Սա ուղղակի…

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Արցախի դեմ պատերազմում ՌԴ դաշնակցային վարքագծին և դերին, նշել է, որ օրական կապի մեջ է եղել ՌԴ պաշտպանության նախարարի հետ. «Հասկանալի պատճառներով չեմ բացի բոլոր փակագծերը, բայց կարող եմ միանշանակ ասել, որ ծավալված պատերազմի պայմաններում Ռուսաստանն արել է առավելագույնը՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման առումով»:

Դավիթ Տոնոյանը փաստացի, կամա թե ակամա, արձանագրել է Հայաստանին ու Արցախին պարտադրված պատերազմի առանցքային իրողություններից, թերևս կարող ենք ասել՝ դասերից մեկը: Այդ դասն այն է, որ Ռուսաստանը պարտվել է Թուրքիային: Եթե իր ռազմավարական դաշնակից համարվող պետության դեմ պատերազմի պայմաններում Ռուսաստանն արել է առավելագույնը, բայց դաշնակիցը պարտվել է, այն էլ՝ բավականին ծանր պարտությամբ, ապա պարտվել է նաև Ռուսաստանը:

Այստեղ կամ-կամ է՝ կա՛մ Ռուսաստանը ցանկացել է այդ պարտությունը, ինչը, սակայն, թերևս բավականին ծայրահեղ և որոշակիորեն իռացիոնալ վարկած է՝ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, կա՛մ Ռուսաստանն անկարող է եղել իր դաշնակցին պաշտպանել Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի հարձակումից: Ընդ որում, եթե Ռուսաստանը արել է ստեղծված իրավիճակում առավելագույնը, ապա Թուրքիան թերևս արել է ստեղծված իրավիճակում ոչ առավելագույնը:

Ակնառու է, որ Թուրքիան ուներ, այսպես ասած, հինգերորդ սերնդի այդ պատերազմում ներգրավվածության աստիճանը ավելացնելու շոշափելի տեղ, իսկ Ռուսաստանը՝ ոչ: Հարցը այն չէ, որ Ռուսաստանը չուներ ռազմական ուժ: Խնդիրը ռազմական ուժի քանակը կամ ծավալը չէ, այլ պատերազմի ռազմաքաղաքական մակարդակին դրա համարժեքությունը: Այդ իմաստով Ռուսաստանը պարտվել է թե՛ իր ռազմական կառավարման ու տեխնոլոգիաների, թե՛ ռեգիոնալ քաղաքականության առումով:

Եթե Ռուսաստանի հավակնությունների աստիճանի պայմաններում Մոսկվան անցանկալի է համարել գնալ Թուրքիայի հետ առճակատման, դա ևս պարտության, թուլության, անզորության նշան է: Թե ինչից է գալիս Ռուսաստանի թուլությունը՝ դա առանձին վերլուծության առարկա է, որով պետք է զբաղվի հայ քաղաքական միտքը: Այդ միտքը, սակայն, առայժմ զբաղվում է ընդամենը Ռուսաստանին հավատարմության երդումների գերազանցության «մրցարշավով» և որևէ այլ բանով զբաղվելու քաղաքական կամ փորձագիտական որևէ փորձի դեպքում այդ ջանքը արագորեն պախարակելով:

Դա այն դեպքում, երբ Ռուսաստանի պարտությունը գործնականում ընդունվել է անգամ այդ երկրի նախագահ Պուտինի մակարդակով՝ իհարկե, անուղղակի, նրա հայտարարությունների տողատակերով: Դրանցից մեկը մասնավորապես այն էր, երբ գերտերության հավակնություն ունեցող երկրի ղեկավարը իր զինուժին հանձնարարում է ուսումնասիրել ժամանակակից պատերազմներում կիրառված տեխնոլոգիաները: Դա այլ բան չէ, քան ժամանակակից պատերազմում պարտության խոստովանություն: Իսկ ժամանակակից պատերազմում Ռուսաստանը Թուրքիային 2020 թվականին պարտվել է առնվազն երեք ճակատամարտ՝ Իդլիբ, Լիբիա և Արցախ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика