Ապրիլի 24-ին ընդառաջ Ալիևի հերթական հոխորտանքը. Պուտինն ու Էրդողանը դարձյա՞լ միասին են

Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի և Հարավային Կովկասի խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ՝ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ դատապարտելով Հայաստանի հանդեպ ուժի կիրառման մասին Ալիևի հերթական հայտարարությունը: Բաքվի ղեկավարը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցք» կստանան կամ խաղաղ, կամ ուժով:

Ալիևի ռազմատենչ հայտարարությունները երբեք չեն եղել և չեն լինելու իրենց շարժառիթային հիմքում միատարր: Ավելին, դրանք թերևս երբեք չեն եղել և առավել ևս պատերազմից հետո չեն լինելու, այսպես ասած, ինքնիշխան հայտարարություններ: Ալիևի ռազմատենչության գլխավոր հովանավորը Էրդողանն է, երբեմն հովանավոր է նաև Ռուսաստանը, երբեմն Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ են հովանավորում այդ ռազմատենչ հռետորաբանությունը:

Օրինակ՝ երբ Ալիևը հայտարարում է Զանգեզուրի «միջանցք» ուժով վերցնելու մասին, հարց է հնչում՝ Հայաստանի իշխանությունից բացի, ռեգիոնալ կայունության ու համակեցության հովանավորի կամ նախաձեռնողի դերը ստանձնած մեր ռազմավարական դաշնակիցը ասելու բան ունի՞, թե՞ ոչ: Ինչպե՞ս է Ռուսաստանը գնահատում Ալիևի հոխորտանքը: Որովհետև, Հայաստանից բացի, դա կա՛մ հոխորտանք է նաև Ռուսաստանի դեմ, կա՛մ, Ալիևից ու Էրդողանից բացի, դա նաև Ռուսաստանի հոխորտանքն է Հայաստանի դեմ, որից թերևս արտահերթ ընտրությունից առաջ ինչ-որ զիջում են ակնկալում կամ պահանջում Զանգեզուրի հարցում:

Ի դեպ, այդ համատեքստում ուշադրության է արժանի օրերս ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունը, թե իրենք ուզում են վստահ լինել Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում: Մյուս կողմից՝ այդ հայտարարությունները ինքնին ոչինչ են, եթե ԱՄՆ-ը գործուն քաղաքականությամբ չի փորձելու ազդել ռեգիոնալ իրավիճակի և դրանում հաստատված ռուս-թուրքական ձևաչափային գերակայության վրա:

Այդ համատեքստում էլ հատկանշական է անցնող շաբաթներին Վաշինգտոնից եկած ազդակների համալիրը, որ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման հնարավորությանը, որովհետև այդ գործընթացը իսկապես կարող է լինել նաև հարավկովկասյան ռեգիոնում կայունության ապահովմանն ուղղված կարևոր քաղաքական ակտ, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և ընդհանրապես հայկական անվտանգության համատեքստում: Միաժամանակ այդ ֆոնին, ապրիլի 24-ին ընդառաջ է նաև հատկանշական Ալիևի հերթական հոխորտանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика