Դաստակին գտնվող գծերը հիրոմանտիայում շղթաներ են անվանում: Դրանք կարող են պատմել մարդու առողջության, կյանքի տևողության մասին: Ձեռքի այս գծերով գուշակությունը հատկապես հատկանշական է կանանց համար, քանի որ դրանք ցույց են տալիս ծննդաբերության շրջանում առաջացող խնդիրների հավանականությունը:
Դաստակի գծերն ու առողջությունը
Դաստակին կարող են շատ գծեր լինել: Հիրոմանտիայում ընդունված է, որ եթե դրանք 3-ից ավելի են և բոլորն էլ հստակ են, ապա մարդը երկար ու ուրախ կյանք կապրի: Դա նաև ամուր առողջության նշան է: Եթե դաստակի առաջին գիծը թույլ է արտահայտված կամ կտրտված է, ապա մարդը պետք է զբաղվի իմունիտետի ամրապնդմամբ: Եթե այդ գծերը շատ չեն, բարակ ու աննշան են, մարդը կարող է թույլ առողջություն ունենալ:
Դաստակի գծերն ու ֆինանսական վիճակը
Դաստակի շղթաների միջոցով կարելի է որոշել նաև մարդու ֆինանսական ստատուսը: Որպես կանոն, եթե առաջին գիծը (այն, որն ամենամոտն է ափին) շղթայի ձև ունի, ապա մարդուն գումարը դժվարությամբ է տրվում: Հարստանալու համար նա ստիպված պետք է լինի շատ աշխատել: Իսկ եթե այդ գիծը հստակ ու լրիվ է, առանց ընդհատումների, ապա այդ մարդը հաջողակ է ֆինանսական գործերում, կարող է հարստության տեր դառնալ:
Կտրտված 2-րդ գիծը ֆինանսական դժվարությունների մասին է խոսում: Այս մարդը հակված է սխալ ղեկավարել գումարն ու ժամանակ առ ժամանակ պարտքերի տակ ընկնել: Շղթայի տեսքով երկրորդ գիծը մարդու ռիսկային էության մասին է խոսում: Նման ձեռքի տիրոջ մոտ գումարը հեշտությամբ է հայտնվում, սակայն նույնքան հեշտությամբ էլ նա կարող է ծախսել այն: Երեք հստակ գծերի առկայությունը ֆինանսական բարեկեցություն է խոստանում:
Դաստակի գծերն ու անձնական հարաբերությունները
2-րդ և 3-րդ գծերի միջև ընկած մեծ հեռավորությունը մեծացնում է ուշ ամուսնության հավանականությունը: Ինչքան ավելի մեծ է այդ տարածությունը, այնքան ավելի ուշ կլինի ամուսնությունը:
Դաստակի գծերի կտրտված լինելը մեկնաբանվում է որպես վեճ կամ բաժանում սիրելիից, սակայն հետագայում վերամիավորվելու հեռանկարով:
Եթե 3-րդ գծի վրա կետեր, խաչեր կամ ճաղեր կան, մարդը պետք է ուշադրություն դարձնի կողակցի հետ հարաբերություններին: Ավելի ուշադիր լինի նրա հանդեպ, հոգ տանի վերջինիս մասին: Դա կօգնի ամրապնդել կապը, որպեսզի ոչ մի խոչընդոտ չսպառնա հարաբերություններին:
Դաստակի գծերի նշանակությունը կանանց մոտ
Դաստակի առաջին գիծը Վեներայի շղթա են անվանում: Եթե այն դեպի վերև ձգված կամարի տեսք ունի, կինը կարող է ծննդաբերության ժամանակ խնդիրներ ունենալ: Շատ ավելի վատ նշան է, եթե երկրորդ գիծն էլ նույն տեսքն ունի:
Վերը նշվածից ելնելով կարելի է եզրահանգել, որ ամենից հաջող նշանը մի քանի ուղիղ, հստակ գծերի առկայությունն է: Դա հաջողության, ֆինանսական բարեկեցության, ամուր առողջության ու հաջողակ լինելու նշան է:
Հազվադեպ հանդիպող երևույթներից մեկն էլ դաստակի վրա 4 գծի առկայությունն է, որը երկարակեցության նշան է: Մարդը կարող է ապրել 90 և ավելի տարի: