Կույր ֆուտբոլը Հայատանում․ Ինչպես է հնարավոր փակ աչքերով ֆուտբոլ խաղալ․ Տեսանյութ

Արդեն մոտ երկու տարի է՝ Հայաստանում ձևավորվել է կույր ֆուտբոլի առաջին թիմը։ Այստեղ բացարձակ չտեսնող ու թույլ տեսնող մարզիկներն օգնում են մեկմեկու հաղթահարել խնդիրներն ու պատրաստվում են առաջին միջազգային հանդիպմանը։

Շաբաթական երկու անգամ՝ նշանակված ժամին, նրանք դաշտում են կամ մարզադահլիճում։ Աչքերը փակում են հատուկ կապիչներով, կենտրոնացնում ուշադրությունն ու լսողությունը՝ գնդակի ձայնն ու մեկմեկու լսելու համար։ Սա կույր ֆուտբոլի Հայաստանի առաջին թիմն է։

Բոլոր մասնակիցները տեսողության խանգարումներ ունեն՝երկուսը չեն տեսնում, մյուսները մնացորդային պահպանված տեսողություն ունեն։ Կամք, համբերություն, ներքին մեծ ուժ․ այս երեքն օգնում են հաղթահարել բոլոր դժվարություններն ու հաղթական գոլեր խփել։

Կույր ֆուտբոլը մեծ տարածում ունի, Աշխարհի առաջին առաջնությունը դեռ 1986 թվականին է անցկացվել՝ Իսպանիայում։ 2004 թվականից Պարաօլիմպիկ սպորտաձև է։ Աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են տեղական, տարածաշրջանային և միջազգային մրցումներ։

2017թվականից Կույրերի միջազգային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ քայլեր արվեցին,որ այս սպորտաձևը նաև Հայաստանում զարգանա։Վերջին մեկ ուկես տարվա ընթացքում Հայաստանի կույր ֆուտբոլի առաջին թիմն ամենշաբաթյա մարզումներէ իրականացնում՝ պատրաստվելով միջազգային հանդիպմանը Շվեդիայում։

Ինչպես են կույր ֆուտբոլ խաղում

Սա ֆուտբոլի ձև է, որը հարմարեցված է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Յուրաքանչյուր թիմում հինգ հոգի է, մեկը՝ դարպասապահ, չորսը՝ խաղացող, ընդ որում դարպասապահը կարող է լինել թե չտեսնող, թե տեսնող։

Ամեն թիմ ունի նաև հինգ փոխարինող: Մրցակցության հավասար պայմաններ ապահովելու, նաև աչքերը պաշտպանելու համար բոլորը հատուկ մգեցված աչքակապերով են: Յուրաքանչյուր թիմ ունենում է երկու լիարժեք տեսողություն ունեցող մարզիչ, որոնք կարող են խորհուրդներ տալ խաղացողներին։

Կույր ֆուտբոլը բաղկացած է երկու խաղակեսից՝20-25րոպեանոց։ Հետաքրքիր է կույր ֆուտբոլի գնդակը․ դրանում հատուկ ձայնային մաս է տեղադրված․ֆուտբոլիստները չեն տեսնում, բայց լսում են գնդակը։ Վնասվածքներից խուսափելու ու նաև մեկմեկու գտնվելու տեղը հասկանալու համար խաղացողները հարձակման փորձից առաջ բղավում են «voy» բառը։

Այն իսպաներենից թարգմանաբար նշանակում է«Ես գնում եմ» կամ «գնա»։ Կույր ֆուտբոլի խաղի ժամանակ հանդիսատեսը հնարավորինս պետք է լուռ լինի, որ չխանգարի խաղացողներին լսել գնդակի ձայնը, մեկմեկու և մարզիչների ցուցումները։

Մեր թիմը

Կույր ֆուտբոլի հայկական առաջին թիմի կազմում տարբեր տարիքի ու տարբեր սեռի մասնակիցներ են։Բոլորն ավարտել են Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ14հատուկ դպրոցը,հետոկյանքն ու ճակատագիրը յուրաքան-չյուրին մի ճանապարհով է տարել․ սովորում են, աշխատում, տարբեր հետաքրքրություններ ունեն։ Սովորական ֆուտբոլ ոչ բոլորն են սիրում, բայց կույր ֆուտբոլի հանդեպ սերը բոլորին միավորեց։ Գտան նաև հրաշալի մարզիչներ, որոնք օգնում են հաղթահարել դժվարությունները։

Արմինե Մեսրոպյան, մարզիչ — Արմինեն ֆուտբոլ է խաղում 10 տարեկանից։ Նրա մտքով չէր էլ անցնում, որ Հայաստանում կանանց ֆուտբոլի թիմեր կան։ 17 տարեկանում ֆիզկուլտուրայի դասին նկատեցին ու հրավիրեցին հայաստանյան ակումբներից մեկում հանդես գալու, ապա Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի կազմում ընդգրկվեց։ Հիմա Արմինեն մարզչական աշխատանքով է զբաղվում։ Կույր ֆուտբոլի թիմի գլխավոր մարզչի՝ Արփինե Արզումանյանի առաջարկով, եկավ այստեղ. սկզբում շատ դժվար էր։

«Ավելի համբերատար պետքէ լինել այստեղ։Այլբանէ,որինչ-որ բան ես սովորեցնում կամ ցույց տալիս տեսնող մարդկանց,այսդեպքում այլ է՝ պետք է օգնես, ճիշտը ցույց տալու ձևը գտնես։ Հետո այս ամենն ինչ շատ դուր եկավ, հետո սիրեցի երեխեքին, ընկերացա նրանց հետ։ Նրանք շատ յուրահատուկ են»,- ասում է Արմինեն։Այս մեկուկես տարվա ընթացքում խաղացողների մարզավիճակը շատ է փոխվել, սկսել են ավելի լավ խաղալ, ավելի լավ կողմնորոշվել տարածքում։

Ալլա Սահակյան, թիմի ավագ,23 տարեկան-Ալլայի տեսողության խնդիրը ժառանգական է․պապիկից փոխանցվել է մայրիկին, նրանից էլ՝ Ալլային ու եղբորը։Ապրումէ գերակտիվ կյանքով,հասարակական գործունեությանն ու մարզական զբաղվածությանը զուգահեռ սովորում է ՀՊՄՀ Հատուկ և ներառական մանկավարժության տիֆլոմանկավարժություն բաժնում։

«Սկզբում մտածում էի դառնալ հոգեբան,ժուռնալիստ,բայց հետո հասկացա, որ իմ առաքելությունն իմ փորձով կիսվելն է, իրազեկել հասարակությանը, իմ հնարավորությունների սահմաններում նպաստել, որ տեսողության խանգարում ունեցող մարդիկ վայելեն իրենց կյանքը. ոչ թե մնան տանը, այլ աշխատեն, սովորեն, սպորտով զբաղվեն»։

Մայրը փոքր ժամանակվանից սովորեցրել է ինքնուրույն լինել ու խնդրին չվերաբերվել որպես խնդիր։ Նրա խոսքով՝ այս սպորտաձևի նպատակն էլ դա է։ «Չպետք է տեսողության խանգարում ունեցող մարդիկ մտածեն, որ իրենք ֆուտբոլը կարող են հեռուստացույցով միայն լսել, իրենք էլ կարող են խաղալ»,- նշում է Ալլան։

Ասում է՝ շատ է ոգևորվում, որ սպորտաձևը հետաքրքրել է նաև տեսնող մարդկանց։ «Շատ են զարմացած մեկնաբանություններ գրում։ «Բայց որ իրենք չեն տեսնում, ո՞նց են խաղում»։ Այս հարցը շատերին է հետաքրքրում»,- ժպտում է Ալլան։

Արման Ավագյան, 23 տարեկան — Արմանն Աբովյանից է, ի ծնե տեսողության խանգարում ունի, բայց դա չի խանգարում երբեմն անգամ ավտոմեքենա վարել, ճիշտ է՝ կարճ տարածության վրա։ Զբաղվում է երաժշտությամբ, մանկուց դհոլ է նվագում։ Սա Արմանի համար սիրելի զբաղմունք լինելուց բացի նաև աշխատանք է, նվագում է տարբեր միջոցառումներում։ Ալլայի նման նա էլ է սովորում ՀՊՄՀ Հատուկ և ներառական մանկավարժության տիֆլոմանկավարժություն բաժնում։ Ֆուտբոլի սիրահար չէ, հազվադեպ է հեռուստացույցով ֆուտբոլային խաղերի հետևում։

«Այս խաղի ժամանակ և լիցքաթափվում եմ, և հաճույք ստանում, և մարզվում։ Այստեղ մենք մեկմեկու շատ ենք օգնում, եթե իրար չօգնենք, թիմ չի դառնա։ Ֆուտբոլը չի ստացվի,եթե ամեն մեկն ինքն իր համար խաղա»,- ասում է Արմանը։ Նշում է՝ պատասխանատու է լինել առաջինը, որը մեր երկրում զբաղվում է այս սպորտաձևով։ Հույս ունի, որ իրենց կհաջողվի զարգացնել կույր ֆուտբոլը Հայաստանում ու հայկական թիմը միջազգային ասպարեզ դուրս բերել։

Մերի Խչոյան, 23 տարեկան — Մերին Խարբերդից է, տեսողության խանգարման հետ միասին հենաշարժողական համակարգի խնդիր ունի։ Երկուսն էլ ի ծնեեն։Սովորումէ ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ֆակուլտետում և աշխատում իր մասնագիտությամբՀԿ-ներից մեկում, օգնում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և նրանց ծնողներին հաղթահարել հոգեբանական խնդիրները։ Կույր ֆուտբոլի մասին իմացավ ամիսներ առաջ, եկավ, հետևեց խաղին, հետաքրքրեց, հաջորդ մարզմանն արդեն ինքն էլ միացավ։

«Մինչ այդ կարատեով էի զբաղվում, ֆուտբոլի շնորհիվ կազմվածքս ամրացել է։ Շատ օգնել է ինձ նաև տարածական կողմնորոշման հարցում, հիմա երբեմն տանն էլ եմ փորձում աչքերս փակ վիճակում քայլել, զգալ տարածքը»։

Վրեժ Մանուկյան, 30 տարեկան — Վրեժը Դիլիջանից է, տեսողության խանգարումն առաջացել է նորածին ժամանակ, ասում է՝ սխալ պատվաստման հետևանք է։ Իր խնդրի մասին պատմելիս Վրեժն անվերջ կատակում է, ասում է՝ խնդիրներին թեթև պետք է վերաբերվել։

Ավարտել է կոնսերվատորիան, երգիչ է, այժմ Կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների տնօրենն ու երաժշտական ղեկավարն է։ Ակտիվորեն զբաղվում է հաշմանդամային տարբեր սպորտաձևերով, կույրերի թենիսով, ժամանակին գոլբոլ (մարզաձև՝ տեսողական խնդիրներ ունեցողների համար) էր խաղում։

«Ֆուտբոլի գաղափարի մասին որ իմացա՝ շատ հետաքրքրեց, ես ֆուտբոլի մեծ սիրահար եմ, հորեղբայրս ու եղբայրս ֆուտբոլիստ են, միշտ ցանկացել եմ խաղալ,բայց չէի մտածում,որ այսպես կլինի՝աչքերը փակ։Մենք մեր մեջ կատակումենք, ասում ենք՝ իբր աչքներս բաց շատ ենք տեսնում, հիմա էլ փակում ենք»։

Հույս ունի, որ այս սպորտաձևն իրենց համար զուտ «եկանք,խաղացինք, գնացինք» չի լինի։Չի բացառում,որ մի օր կույր ֆուտբոլի թիմն այնպիսի մարզավիճակում կլինի, որ Պարաօլիմպիկ խաղերին էլ կմասնակցի։ Հ․Գ․ Մինչ կույր ֆուտբոլի թիմի հետ ծանոթանալն ու նրանց խաղը դիտելը ես էլ էի մտածում՝ «ինչպե՞ս կարելի է առանց տեսնելու ֆուտբոլ խաղալ»։

Խաղից հետո մի բան հասկացա՝նրանք տեսնումեն,բայց ոչ այնպես,ինչպես,օրինակ՝ես։Նրանք «տեսնում են»լսողությամբ, զգայարան-ներով ու տեսնում շատ ավելին։Նրանց«տեսնելու»կողքին ինքդ ես քեզ չտեսնող զգում։ Ի դեպ, կույր ֆուտբոլն այնքան հետաքրքիր էր, որ գայթակղությանը չդիմացա ու մի խաղակեսում դարպասապահի տեղում հայտնվեցի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика